Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է։ Դովլաթյանը ծնվել է 1927–ի մայիսի 27–ին՝ Նոր Բայազետում (Կամո, այժմ Գավառ)։
1941-1952–ին Հայաստանի շրջանային թատրոնների, ապա և Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է եղել: 1947-ին ավարտել է այդ թատրոնի թատերական ստուդիան: 1950-ին «Այս աստղերը մերն են» ներկայացման մեջ Հրայրի դերակատարման համար արժանացել է Ստալինյան մրցանակի: 1959-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոց): 1959-1964–ին աշխատել է Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիայում: 1962-1964–ին «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր է եղել, 1964-1997–ին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1965-ին նկարահանել է «Բարև, ես եմ» կինոնկարը, որ շրջադարձային կետ է դարձել հայ կինոյի պատմության մեջ: 1943-ից խաղացել է բազմաթիվ ֆիլմերում: Մոսկովյան կինոստուդիաներում կյանքի է կոչել հետևյալ ֆիլմերը՝ «Ո՞վ է մեղավոր» (1958), «Մեր քաղաքի առավոտը» (1959), «Դիմա Գորինի կարիերան» (1961), «Առավոտյան ձայներ» (1963):
Ֆրունզե Դովլաթյանի բոլոր կինոնկարներում՝ «Առավոոտյան գնացքներ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», հատվում են ազգային էության երեք հիմնական արժեքներ՝ սեր, հիշողություն, հայրենաբաղձություն։ Նրա «Բարև, ես եմ» ֆիլմը ներկայացվել է Կաննի փառատոնում։
Նշենք, որ Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։
Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։
Ֆրունզե Դովլաթյանը մահացել է 1997–ի օգոստոսի 30–ին՝ Երևանում։
Նշենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ 2007-ը հայտարարվել է Դովլաթյանական տարի. հոբելյանը նշանավորվելու է կինոռեժիսորի անունով փողոցի անվանակոչմամբ, «Ֆրունզե Դովլաթյան» մենագրության հրատարակմամբ, «Ոսկե ծիրան» փառատոնում նրա արվեստին անդրադարձով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը