Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվող հացահատիկի ու պտղի բերքի մասին
Հասարակություն
Վերջին օրերին ՀՀ մարզերից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ստացված՝ ցորենի ցանքերի վիճակի վերաբերյալ բանավոր և գրավոր ահազանգերի, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից շրջանառվող նյութերի կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետները ՀՀ մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների համապատասխան մասնագետների, համայնքների ներկայացուցիչների և շահառուների հետ կատարում են ուսումնասիրություններ՝ ինչպես առաջին վերարտադրության, այնպես էլ 2011թ. աշնանը տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուներով կատարված ցանքատարածություններում:
Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2010 թվականին հանրապետության տնտեսավարողներին պայմանագրային հիմունքներով տրամադրվել է 950 տոննա, իսկ 2011թ. 1100 տոննա էլիտային վերարտադրության նույն 7 սորտերի սերմացուներ, որոնք հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից:
Ներկրված ցորենի էլիտային սերմացուն, պայմանագրային հիմունքներով՝ 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով, 2010 թվականին հատկացվել է 111 շահառուների և 4 գիտական կենտրոնների, իսկ 2011 թվականին՝ 253 շահառուների և 2 գիտական կենտրոնների:
2010 թվականին տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուն ՀՀ բոլոր մարզերում իրենց լավ է դրսևորել՝ ըստ շահառուների մեկ հեկտարից ապահովելով 38 ցենտներ միջին բերքատվություն, իսկ ջրովի պայմաններում՝ միջին բերքատվությունը առանձին տարածքներում գերազանցել է 70 ցենտները:
Ծրագրում ընդգրկված շահառուների սերմադաշտերում, անկախ ապրոբատորների կողմից վեգետացիայի ընթացքում՝ մինչև բերքահավաքը, կատարվել են անհրաժեշտ դաշտային հետազոտություններ, բերքահավաքից հետո սերմացուն զտվել, ախտահանվել, պարկավորվել և պիտակավորվել է, վերադարձվող սերմացուն սահմանված կարգով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից վերցվել են փորձանմուշներ, անցկացվել են համապատասխան լաբորատոր փորձաքննություններ և պահպանվել են ստուգիչ նմուշներ, որից հետո նրանց տրամադրվել են համապատասխան հավաստագրեր: Առաջին վերարտադրության սերմացուի ընդունման և հանձնման աշխատանքները մարզերին՝ հատկացված չափաքանակներին համապատասխան, կազմակերպվել են «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2010 թվականին շահառուներին տրամադրված էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց հետ վերադարձված 3317 տոննա առաջին վերարտադրության սերմացուն 2011 թվականին հատկացվել է ՀՀ մարզերին՝ 0.3 - 3 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:
Ուսումնասիրություններից պարզվել է, որ աշնանացան ցորենի որոշ ցանքատարածություններում, 2011 թվականի աշնանը եղանակային չորային պայմանների, ինչպես նաև որոշ դեպքերում ցանքի ժամկետները խախտելու հետևանքով սերմացուն վատ է ծլարձակել, բույսերի թփակալման հանգույցները լիարժեք չեն ձևավորվել, մնացել են հողի մակերևույթին մոտ և պատրաստ չեն եղել ձմեռելու, հետագայում ջերմաստիճանի անկման հետ մեկտեղ, տեղումների սակավության պատճառով ցանքատարածությունները չեն ծածկվել ձնաշերտով՝ ինչը կպաշտպաներ բույսերին ցրտահարությունից, արդյունքում բույսերը մասամբ ցրտահարվել են, իսկ 2012թ. գարնանը եղանակային չորային պայմանները շարունակվել են, նույնիսկ ոռոգելի տարածքներում օդի հարաբերական խոնավության ցածր լինելու պատճառով հողում խոնավություն չի պահպանվել, ինչի արդյունքում բույսերը ժամանակից շուտ են անցել խողովակակալման և հասկակալման փուլեր: Արձանագրված երևույթները օգտագործված սերմացուի որակական հատկանիշների հետ կապ չունեն:
Նման երևույթներ նկատվում են ինչպես տրամադրված առաջին վերարտադրության սերմացույով կատարված ցանքատարածություններում, այնպես էլ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի հետ կապ չունեցող ցանքերում, իսկ առանձին դեպքերում նաև 2011թ. աշնանը էլիտային սերմացույով ուշ կատարված ցանքերում:
Ուսումնասիրություններից և տնտեսավարողների հետ զրույցներից պարզվել է նաև, որ որոշ տնտեսավարողներ, անտեսելով նախարարության մասնագետների խորհուրդները, 1-ին վերարտադրության սերմացուով ցանքերը կատարել են նախորդ տարում մշակված հացահատիկային մշակաբույսերի հողատարածքների վրա, արդյունքում կատարված ցանքերը միատարր չեն:
Համաձայն ներկա պահին կատարված ուսումնասիրությունների, հանրապետության ցորենի ցանքատարածությունների նման վիճակ արձանագրվել է շուրջ 1750 հա տարածության վրա՝ հիմնականում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում: Վնասված ցանքատարածություններից՝ կախված բույսերի հետագա վեգետացիայից և ջրովի, կամ անջրդի պայմաններից, կարող է 1 հեկտարից ստացվել մինչև 20 ցենտներ միջին բերք:
2011 թվականին կատարվել է 94609 հա աշնանացանի ցանք, որից 90820 հա ցորեն, իսկ 2010 թվականին՝ 76013 հա աշնանացանի ցանք, որից 73029 հա ցորեն: 2011 թվականին ավել է կատարվել 18596 հեկտար աշնանացան, որից ցորեն՝ 17791:
Հանրապետությունում 2012 թվականին արտադրվող հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի վրա այդ երևույթները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ և կանխատեսվող համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:
• Հանրապետության տարբեր մարզերի, տարածաշրջանների և համայնքների պտղատու այգիներում կատարված դիտարկումներից պարզվել է, որ տարբեր այգետարածքներում սպասվող բերքը խիստ տարբեր է: Ըստ կանխատեսումների կորիզավոր՝ այդ թվում ծիրանի և հնդավոր պտղատեսակների համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը