ԱԺ որոշ խմբակցություններ չեն կողմնորշվում՝ Փակ շուկայի հարցը բարձրաձայնելո՞ւ են ԱԺ-ում, թե՞ ոչ
Հասարակություն
Լուրեր.com-ը խորհրդարան անցած խմբակցությունների ներկայացուցիչներից փորձեց ճշտել, թե արդյոք խմբակցությունները պատրաստվում են նորընտիր Ազգային ժողովում բարձրաձայնել Փակ շուկայի խնդիրը:
Հանրապետական կուսկացությունից ընտրված պատգամավոր Արտակ Դավթյանը, պատասխանելով հարցին, թե ո՞րն է եղել պատկան մարմինների բացթողումը, ասաց.
«Կլինի՞ ես որևէ մեկնաբանություն չանեմ։ Էն, ինչ ասել եմ, բավարարվենք դրանով: Չեմ կարող կուսակցության անունից գնահատական տալ, որովհետև դրա իրավունքը ուղղակի չունեմ: Իսկ իմ անձնական կարծիքն արդեն իսկ հայտարարել եմ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին Դավթյանն ասել էր, որ «եթե Փակ շուկայի սեփականատերը խախտել է օրենքը, ապա անպայման դրա համար պատասխանատվության կենթարկվի»:
Մեր դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում նրան, որ իր կուսակից Սամվել Ալեքսանյանը, փաստորեն, չի ենթարկվում իր մեկ այլ կուսակցի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը, պատգամավորը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ հավելելով, որ դա իր իրավունքն է:
«Դաշնակցության» ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ասելիք ունի, բայց ոչ այսօր, քանի որ պատկան մարմիններից ինֆորմացիայի է սպասում, որից հետո կխոսի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը Լուրեր.com-ին տեղեկացրեց, որ կուսակցությունը Փակ շուկայի վերաբերյալ քննարկումներ չի անցկացրել, որովհետև ավելի կարևոր թեմաներով քննարկումներ ունեն, ինչպես օրինակ՝ 5-րդ գումարման ԱԺ առաջին նիստը: Զոհրաբյանը հայտնեց իր անձնական տեսակետը՝ ասելով, որ պատմամշակութային հուշարձանները պիտի պահպանվեն:
«Մեզանից յուրաքանչյուրը, և հատկապես՝ պատկան մարմինները պետք է ամեն ինչ անեն, որ պատմշակութային հուշարձանները չոչնչանան: Շատ ենք խոսում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ ծիծաղելի ձևակերպման հետ թույլ տվեք չհամաձայնել, որովհետև թանգարանային Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել»,- նշեց Զոհրաբյանը:
Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է Ազգային ժողովում բարձարցնել Փակ շուկայի հարցը, Զոհրաբյանն ասաց, թե «նման հարց դեռևս չի քննարկվել»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանեն հունիսի 2-ին: Իսկ հարցին, թե ի՞նչ է պետք, որ ձևավորվի Փակ շուկայի քաղաքացիական նախաձեռնությունը, Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե այն արդեն կայացել է:
«Շարժումը չափացանց պրոֆեսիոնալ և մի քանի հարյուր մարդկանց միավորում է: Պիտի ասեմ, որ կայացած է, որովհետև այնտեղ ներգրավված մարդիկ և՛ պայքարի փորձ ունեն, և՛ հմտություններ: Հետևաբար կարծում եմ, որ «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը կարող է լուծել բոլոր խնդիրները»,- եզրափակեց Սաֆարյանը:
Արա Հարությունյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը