Նալբանդյան 160/1 հասցեում ծառահատումների թույլտվությունը ներկայացվեց ծառերը հատելուց հետո
Հասարակություն
Մի քանի ժամ շարունակ Նալբանդյան 160/1 հասցեում լարված իրավիճակ էր։ Տարածքում կառուցապատում իրականացնող «Ավագ Շին» ՍՊԸ-ն փորձում էր բակ մտցնել շինարարական տեխնիկան, ինչին ընդդիմանում էին բնակիչները։
«Ավագ Շին»-ի աշխատակիցներն սկսել էին հողային աշխատանքներ և պատրաստվում էին ծառահատումներ իրականացնել՝ առանց ներկայացնելու համապատասխան թույլտվություն Երևանի քաղաքապետարանից։ Ներկայացված էր միայն դենդրոլոգի եզրակացություն այն մասին, որ տարածքում աճող ծառերը կենսունակ չեն և ենթական են հատման։
Հավաքվածները պահանջում էին ներկայացնել ծառահատման թույլտվություն, ինչին կառուցապատող ընկերության աշխատակիցները պատասխանում էին կոպտությամբ և վիրավորանքներով՝ պահանջելով դուրս գալ իրենց սեփականություն հանդիսացող տարածքից։ Ոստիկանության աշխատակիցների օգնությամբ բողոքող բնակիչները դուրս բերվեցին բակից, դարպասները փակվեցին, իսկ ներսում սկսեցին հատել կանաչ ծառերը, թեև սկզբնապես հայտարարված էր, որ հատվելու են միայն չորացած ծառերը։
Արդյունքում բնակիչներն ու նրանց միացած քաղաքացիական ակտիվիստները ներս մտան տարածք՝ փորձելով կանխել դեռևս կանգուն ծառերի հատումը, ինչի հետևանքով, ինչպես արդեն հայտնել է Լուրեր.com-ը, տեղի ունեցավ բախում ակտիվիստների և «Ավագ Շին» ՍՊԸ-ի աշխատակիցների միջև։
Ծառերի մեծ մասը հատելուց հետո միայն «Ավագ Շին»-ի աշխատակիցները բերեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչության պետ Ա. Մարտիրոսյանի ստորագրությամբ ծառահատման թույլտվությունը։ Փաստաթղթում նշված էր, որ տարածքում գտնվող 17 ծառերից 5-ը ենթակա են տեղափոխման, իսկ 12-ը պետք է հատվեն, քանի որ կենսունակ չեն։
Փաստաթուղթը մայիսի 25-ի ամսաթվով էր, ինչն առաջացրեց բնակիչների տարակուսանքը, թե այդ դեպքում ինչո՞ւ կառուցապատողներն այն չէին ընդգրկել իրենց հետ բերած բազմաթիվ փաստաթղթերի մեջ։ Նրանք համոզվածություն էին հայտնում, որ փաստաթուղթը տրվել է հապշտապ՝ հենց նույն օրը, պարզապես հետին թվով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը