Հունիսի 1-ը՝ Պաշտպանի գրասենյակում
Հասարակություն
Շուրջ քառասուն երեխաների գունավառ փուչիկներով զարդարված դահլիճում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր շնորհավորեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Երեխայի իրավունքի ամենալավ պաշտպանությունն այն է, երբ երեխան պատշպանում է մեկ այլ երեխայի իրավունքը: Եթե ձեր շրջապատում տեսնեք ձեր հասակակից երեխայի, ով չունի կրթություն, ով անօթևան է կամ բռնության է ենթարկվում մեծահասակների կողմից, զանգահարեք 116 համարով և մենք կօգնենք նրան: Եւ հիշեք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դուռը միշտ բաց է ձեր բոլորի առջև»,-նշեց պաշտպանը իր ողջույնի խոսքում:
Միջոցառման կազմակերպիչ Երեխաների իրավունքների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը երեխաներին հարց ուղղեց, թե ինչ իրավունքներ ունեն երեխաները ինչին հետևեց երեխաների ուրախ արձագանքները՝ ազատության, հանգստի, կարծիք հայտնելու… երեխաներից մեկն էլ ասաց. «երեխան իրավունք ունի սիրվել ծնողի կողմից»:
Ցուցադրվեցին նաև երկու կարճամետրաժ ֆիլմեր: Առաջին ֆիլմում հենց երեխաներն իրենք էին խոսում իրենց իրավունքների մասին: Իսկ երկրորդ ֆիլմը պատմում էր մարդու իրավունքների ծագման, զարգացման և այսօր արդեն գործող կոնվենցիաների մասին:
Միջոցառման ավարտին, փոքրիկ հյուրասիրությունից հետո, երեխաները փուչիկների վրա գրեցին, թե ինչպիսի երկրում են երազում ապրել, և հենց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև իրենց երազանքներ ու ցանկություններ փուչիկները բաց թողեցին կապույտ երկինք, որ մի օր այդ երազանքները իրականություն դարձած վերադառնան իրենց:
Միջոցառմանը ֆինանսապես աջակցել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը