«Կյանքի խոսք»-ի բացահայտ քարոզչությունը՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման քողի տակ
Հասարակություն
Տեղեկություն ստանալով այն մասին, որ «Կյանքի խոսք» եկեղեցին բացահայտ քարոզչություն է իրականացնում Կամերային տան հարակից տարածքում գտնվող «9-րդ ալիք» բացօթյա սրճարանում` Լուրեր.com-ի լրագրողն անմիջապես մեկնել է նշված վայր։ Նշենք նաև, որ նույն վայրում երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում էր անցկացվում: Ականատեսների խոսքով երեխաներին, միջոցառման մասնակիցներին, սրճարանի հյուրերին և պարզապես անցորդներին բաժանվել են «Կյանքի խոսք» եկեղեցու հոգևոր երգերի և կրոնական բովանդակությամբ սկավառակներ, իսկ երեխաների համար կազմակերպված միջոցառումը համեմված էր վերոհիշյալ կրոնական երգերով:
Միջոցառման կազմակերպիչներից մեկը հաստատեց, որ միջոցառումը կազմակերպել է «Կյանքի խոսք» եկեղեցին, սակայն մեր այն հարցին, թե տեղյակ է արդյոք, որ կրոնական կազմակերպության բացահայտ քարոզչությունը և հոգեորսությունն արգելված է օրենքով, ագրեսիվ կերպով պատասխանեց, որ եթե շարունակենք «խանգարել» իրենց, կդիմեն ոստիկանություն: Մեզ չհաջողվեց միջոցառման կազմակերպիչներից պարզել նաև, թե արդյոք մոտ 150 մասնակիցներից քանիսն են հանդիսանում տվյալ եկեղեցու անդամ, սակայն ակնհայտորեն պարզ էր, որ երեխաների համար կազմակերպված միջոցառման քողի տակ «Կյանքի խոսք»-ը բացահայտորեն կրոնական քարոզչություն էր իրականացնում:
Զարմանալի փաստ էր նաև այն, որ տվյալ միջոցառումը լուսաբանում էին լրատվական շրջանակներում անհայտ ТБН Россия հեռուստաընկերության թղթակիցները, որոնք նույնպես «սվիններով ընդունեցին» մեր` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ցանկությունը:
Հիշեցնենք, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն արգելվում է կրոնական կազմակերպությունների բացահայտ քարոզչությունը և հոգեորսությունը, իսկ օրենքը խախտելու պարագայում սահմանվում է վարչական տուգանք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը