Այսօր Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր Պերճ Պռոշյանի ծննդյան օրն է։ Պերճ Պռոշյանը (Տեր–Առաքելյան Հովհաննես Ստեփանի) ծնվել է 1837–ին՝ Աշտարակում։
Պռոշյանը ծնվել է դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական վարժարանում (1849-52), ապա կարճ ժամանակ՝ Երևանի արքունական դպրոցում։ 1856–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ և ձևավորվել են նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ վարել է գավառական գործակալի քարտուղարի պատմականությունը, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։
1859–ին Պռոշյանը մեկնել է Թիֆլիս, եղել է Ներսիսյան դպրոցի նախապատրաստականի ուսուցիչ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, իգական դպրոցների հիմնադրմանը Թիֆլիսում (1861), այնուհետև՝ Շուշիում, Ագուլիսում, Աստրախանում, մանկավարժությամբ զբաղվել է Հայաստանի տարբեր վայրերում, հրատարակել դպրոցական կանոնադրություններ։ 1879-ին հրավիրվել է Էջմիածին, նշանակվել Երևանի թեմի և Կարսի վիճակի հոգևոր դպրոցների տեսուչ, աշխատել մինչև 1881–ը։ Այդ տարիներին աշխարհաբարի է վերածել մի ավետարան, որի համար Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում։ 1887–ին վերադարձել է Թիֆլիս։
1850-ականներին ներշնչվել է ազգային–կրոնական ռոմանտիզմով և որոշ գրական փորձեր կատարել։ Սակայն, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը ուղղություն է տվել նրա որոնումներին. 1860–ին Պռոշյանը գրել է «Սոս և Վարդիթեր» վեպը։ Առաջին այդ փորձը ճանաչում է բերել հեղինակին։ Իր հռչակավոր «Կրիտիկա», «Սոս և Վարդիթերի» աշխատությամբ Մ. Նալբանդյանը բարձր է գնահատել «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից մեկին և կռահել գրողի տաղանդի ռեալիստական տարերքն ու սոցիալական միտվածությունը։
1879–ին «Փորձ» ամսագրում տպագրվել է Պռոշյանի «Հացի խնդիր» վեպը, որը մնայուն տեղ է գտել հայ ռեալիստական վեպի պատմության մեջ։
Ինչպես «Հացի խնդիր» վեպը, այնպես էլ «Ցեցեր», «Հունոն» վեպերում, «Օրը կիրակի է, երազը սուտ», «Գյուղական խանութպան», «Բուլի–բուլի», «Տան Բարբարեի վերջին առակը», «Հինգերորդ գինագիծը», «Վարդի յուղը մահադեղ» պատմվածքներում Պռոշյանը տվել է ետռեֆորմյան հայ գյուղի սոցիալական պատմության համապատկերը։
Պռոշյանի գրական վաստակի արժեքավոր էջերից է «Հուշիկներ»–ը, որտեղ մանկության ու պատանեկության տարիների ինքնակենսագրական պատումները։
Պռոշյանի գրչին են պատկանում նաև հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում–հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»–ը, Լ. Տոլստոյի «Մանկություն և պատանեկություն»–ը և այլ գրողների ստեղծագործություններ։
Լինելով հայ դասական գրականության ականավոր դեմքերից՝ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձևավորման ու զարգացման գործում։
Պռոշյանը մահացել 1907–ի նեյեմբերի 23–ին՝ Բաքվում։ Պռոշյանը թաղված է Թբլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը