Նյու-Յորքում կառուցվող համաշխարհային առևտրային կենտրոնի շենքում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ
Հրդեհ է բռնկվել համաշխարհային առևտրային կենտրոնի շենքում, որը կառուցվում է Նյու-Յորքում 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության պատճառով փլուզված «Երկվորյակ աշտարակների» տեղում, հաղորդում է Associated Press–ը։
Հրդեհը բռնկվել է 89, 90 և 91 հարկերում։ Սկզբում հրդեհը կրակմարիչներով փորձել են մարել շինարարները, որոնց քիչ անց օգնության են հասել հրշեջները։
Հրշեջներին հաջողվել է հրդեհը մարել ավելի քան 1 ժամ անց։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, իսկ կառույցի կոնստրուկցիաները չեն վնասվել։ Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ այրվել է շինարարական նպատակներով օգտագործվող փայտանյութը։
Համաշխարհային առևտրային 1–ին կենտրոնը հայտնի է «Ազատության աշտարակ» (Freedom Tower) անունով։ Կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել են 2006–ի ապրիլին։ Այս պահին երկնաքերի բարձրությունը հասնում է ավելի քան 380 մետրի։ Կառույցի բարձրությունը նախատեսված է հասցնել մինչև 541 մետրի։ «Ազատության աշտարակը» արդեն դարձել է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը։ Առևտրային կենտրոնի կառուցման աշխատանքները կավարտվեն 2014–ին։
Համաշխարհային առևտրային կենտրոնի համալիր շենքերը, այդ թվում՝ «Երկվորյակ աշտարակները», փլուզվել են 2001–ի սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)