Ծառերի ամբողջական հատումներ չեն եղել. պարզաբանում է Գորիսի քաղաքապետարանը
Հասարակություն
Հունիսի 2-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ Գորիսում կատարված բերքատու ծառերի սպանդից՝ հետևյալ մեկնաբանությամբ, որ ծառահատումներն իրականացվել են հոսանքալարերին խանգարելու պատճառաբանությամբ և չեն լսել բնակիչների խնդրանքը՝ սպասելու գոնե մինչև բերքահավաքը։
Այս դեպքի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ Գորիսի քաղաքապետարանից։ Գորիսի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դավթյանը Լուրեր.com-ին հաղորդեց, որ քաղաքապետարանի կողմից կատարվել են սանիտարական ծառահատումներ։
«Սխալմունք է եղել, թյուրիմացություն, ծառահատումներ չեն եղել, եղել են սանիտարական հատումներ միջպետական ճանապարհ հանդիսացող Սյունիքի փողոցում։ Քանի որ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհով շատ են անցնում մեծ բեռնատար մեքենաներ, և փողոցի՝ գերաճ տված ծառերը խանգարում էին ճանապարհի տեսանելիությանը, իրականացվել են սանիտարական հատումներ՝ հեռացվել են այն ճյուղերը, որոնք խանգարում էին։ Փողոցը նեղ է, ծառերի ճյուղերը երկար են, խնդիրներ էին առաջանում, չեմ ժխտում, նաև լուսավորության հետ կապված խնդիր կար։ Սակայն միայն որոշակի ճյուղեր են կտրվել, ամբողջական ծառի հատում չի կատարվել»։
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող են բացատրել համացանցում հայտնված լուսանկարներում պատկերված՝ ամբողջությամբ հատված ծառերը, Աննա Դավթյանն ասաց, որ չի կարող դրանց հետ կապված պարզաբանում տալ, քանի որ նման բանից տեղյակ չէ։ Նա չբացառեց, որ լուսանկարներն այլ վայրում և այլ ժամանակ են արվել։
Մի քանի րոպե հետո արդեն Գորիսի քաղաքապետարանից մեզ զանգեցին՝ հաղորդելու, որ հատված ծառերի հարցով քաղաքապետարանը տեղում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ ծառերը կտրել է տվյալ հասցեի բնակիչն իր սեփական նախաձեռնությամբ, և այդ առթիվ քաղաքապետարանում արդեն ակտ է պատրաստվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը