Անվճար ուղեգիրը կապ չունի` պետք է փող տաս ու վերջ. պատմում է ականատեսը
Հասարակություն
Lurer.com-ի խմբագրություն տեղեկություն ստացավ, որ մայիսի 31-ի երեկոյան ծեծկռտուքի հետևանքով տուժած իրանի քաղաքացի Մեհրադ Մ-ին դատաբժիշկ Խաչիկյանի կողմից տրվել է քթի ռենտգեն կատարելու անվճար ուղեգիր, որով տուժածը, հունիսի 4-ին ՀՀ քաղաքացի ընկերոջ հետ դիմել է Հերացու փողոցի վրա գտնվող Ուսանողական պոլիկլինիկա, որտեղ գլխավոր բժշկի օգնականը նրան կոպտորեն մերժել է անվճար ռենտգեն-հետազոտություն կատարել` պահանջելով վճարել նույնիսկ կրկնակին՝ պատճառաբանելով, թե տուժածը հանդիսանում է այլ երկրի քաղաքացի:
Վերջինս հրաժարվելով վճարովի ծառայությունից` դիմել է պոլիկլինիկայի հարևանությամբ գտնվող «Ռենտգենոլոգիայի ինստիտուտ», որտեղ գլխավոր ռենտգենոլոգը պնդել է, որ ծառայությունը կատարվելու է վճարովի` սահմանված 8000 դրամ, իսկ երբ տուժողը ճարահատյալ գնացել է վճարում կատարելու, իրեն հայտնել են, որ պոլիկլինիկայից իրենց զանգահարել և ասել են հետազոտությունը կատարել ոչ թե 8000, այլ 16000 դրամով:
Երկու դեպքում էլ, երբ հիվանդը հղում է արել անվճար ուղեգրին, բժիշկները ասել են` դա կապ չունի, պիտի փող տաս ու վերջ:
Հանդիպելով օրենքի խախտմանը` տուժածի հայ ընկերը զանգահարել է ՀՀ Առողջապահության նախարարության թեժ գիծ, որտեղ իրեն ոչ միայն չեն աջակցել բժշկական կամայականությունների կանխարգելման և օրինազանցների պատժման գործում, այլև արդարացրել են բժիշկներին:
Նշենք, որ ՀՀ օրենքի համաձայն, անվճար ուղեգրի առկայության դեպքում բժիշկները պարտավոր են հետազոտությունն անցկացնել անվճար, իսկ տարբեր պատճառներով այդ հետազոտությունը չանցկացնելու դեպքում «քննչական աշխատանքների խոչընդոտում» համապատասխան հոդվածով պատժվում են օրենքով:
Lurer.com-ը կկապվի Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությանը և կփորձի պարզաբանումներ ստանալ՝ կապված բժշկական և պարզ մարդային էթիկայի կոպտագույն խախտման և հանցավոր դրամաշորթության ցավոք՝ ավանդական դարձած պրակտիկայի հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը