Նալբանդյան 106-ում չորս շենքի փոխարեն կկառուցվի միայն մեկը. Էլեոնորա Գաբրիելյան
Հասարակություն
Նաբլանդյան 106/1 հասցեի բնակիչ, բուսաբան, Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գևորգյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և նրանից նախատեսվող չորս յոթհարկանի շենքերի փոխարեն միայն մեկ շենքի կառուցվելու խոստում ստացել։ Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Տիկին Էլեոնորայի խոսքերով՝ ինքը քաղաքապետին է ներկայացրել Նալբանդյան 106/1-ում տեղի ունեցած ծառերի սպանդը, ինչից Տարոն Մարգարյանը զարմացել է և խոստացել, որ շինհրապարակը կնեղացվի՝ ընդգրկելով միայն բուն շինարարության տարածքը, ոչ թե ամբողջ բակը։
«Տարածքում 6 հազվագյուտ ծառատեսակ է աճում, որոնք շինարարության ընթացքում նախատեսված է կտրել»,-ասաց տիկին Էլեոնորան՝ հավելելով, որ տարածքի ծառերը վնասվել են բոլոր հնարավոր եղանակներով անգամ մինչև կառուցապատողների կողմից դրանց մի մասի բարբարոսաբար հատվելը։ «Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես են ծառերի արմատներին ժավել լցնում չորացնելու համար»,- ասաց նա։
Նալբանդյան 106/1 հասցեի բնակիչների նախաձեռնող խմբի համակարգող Ռիտա Կարապետյանը նշեց, որ իրենք պահանջում են վերականգնել մանկապարտեզի քանդված շենքը, իսկ շինարարության պատճառով քանդված բնակարանների բնակիչներին նոր բնակարաններով ապահովել։ Նա ասաց, որ այդ նպատակով ոչ թե յոթ, այլ երեքհարկանի մեկ շենքի կառուցումը միանգամայն բավարար է։
Հիշեցնենք, որ Նալբանդյան 106/1 հասցեն դեռեւս 2010թ.-ին Կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ, եւ պայմանագիր է կնքվել «Ավագշին» ընկերության հետ։ Տարածքում քանդման աշխատանքներ սկսելու թույլտվություն կառուցապատողին տրվել է 2010թ.-ից, սակայն ստեղծված կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումներից հետո այն չեղյալ է ճանաչվել, քանի որ 16 հարկանի շենք կառուցելու նախագիծը հակասել է քաղաքաշինական նորմերին: Կառուցապատողին, նաեւ հաշվի առնելով հարակից շենքերի բնակիչների բողոքը, 16 հարկանի շենքի փոխարեն առաջարկվել է ներկայացնել ավելի ցածրահարկ շենքի նախագիծ: Կառուցապատողը հետագայում 7 հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատման նախագիծ է ներկայացրել, որն առ այսօր քննարկման փուլում է: «Ավագշին» ընկերությունը 2012թ. մայիսի 15-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված համապատասխան թույլտվություն ունի տարածքում քանդման աշխատանքները սկսելու վերաբերյալ, ինչպես նաև քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի եզրակացությունը, որով տարածքի ծառերից 17 ծառերից 12-ը ճանաչվել են ոչ կենսունակ և հատման ենթակա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը