Շիրակի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ՝ առաջնահերթ խնդիրների լուծման համար
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ստուգայցով Գյումրիում էր` ծանոթանալու պետբյուջեի միջոցներով Շիրակի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Շիրակի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որից միայն շուրջ 500 մլն դրամ` Գյումրիում ծրագրերի իրականացման համար: Երրորդ փուլով մարզում հիմնականում կիրականացվեն կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների եւ մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:
Բացի այդ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից եւս շուրջ 500 մլն դրամ է հատկացվել` «Մուշ-2»-ը Բուլվարային թաղամասին կապող 2,4 կմ ճանապարհի կառուցման համար:
Ա. Գեւորգյանը, մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ, եղավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկված մի շարք օբյեկտներում, ինչպես նաեւ այցելեց Գյումրիի նոր բժշկական կենտրոն, որի շինարարությունն արդեն ավարտվել է, եւ ներկայումս կատարվում են բարեկարգման աշխատանքներ: Նա ծանոթացավ նաեւ Ավստրիական մանկական հիվանդանոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Այցի ավարտին մարզպետի հետ քննարկվեցին ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը