Երբ կրակոցները դադարում են, գյուղացիներն սկսում են անհանգստանալ. Ռուբեն Աբրահամյան
Հասարակություն
«Չի´ կարելի նյութ գրել ինչ-որ մեկի սոցցանցի ստատուսը կարդալով կամ գյուղապետի հետ խոսելով, խնդիրներին տեղյակ լինելու և լուսաբանելու համար պետք է անձամբ տեսնել դրանք»,- այսօր լրագրողներին ասաց Տավուշի մարզի բնակիչ, ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանը։
Տավուշի մարզը, ըստ նրա, չափազանց անտեսված է։ Ադրբեջանի հետ 170 կմ սահման ունեցող մարզի բնակիչները սովորել են կրակոցների տակ ապրելուն։ Երբ զանգում ես գյուղապետին, և եթե նա ասում է, թե այնտեղ ամեն ինչ սովորական հունով է ընթանում, չի նշանակում, որ գյուղում ամեն ինչ խաղաղ է։ Պարզապես նրանց համար անընդհատ հնչող կրակահերթերում որևէ արտառոց բան չկա։
«Երեկ Այգեպար գյուղում կրակում էին Կարմիր Խաչի մեքենայի ուղղությամբ, իսկ այսօր այդ գյուղի դպրոցում քննություն է։ Երեխաները սովոր են այդպես դաս անելուն, ապրելուն։ Երբ մի շրջան կրակոցները դադարել էին, գյուղացիներն անհանգստանում էին»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց նաև, որ Տավուշի մարզի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում են մի քանի կազմակերպություններ, որոնք ցանկանում են ԱԺ նախագիծ ներկայացնել մարզին առանձին կարգավիճակ տալու մասին, որպեսզի հնարավորություն լինի պետության կողմից հատուկ սուբսիդավորումներ ստանալու, սակայն դա դեռևս ընդամենը ցանկություն է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը