Գառնիի կայանը շատ շուտով կվերածնվի ու հաստատուն քայլերով առաջ կգնա. ԱԻ նախարար
Հասարակություն
Հունիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարան: Նրանք շրջեցին դիտարանի շենքի բոլոր հարկերով, եղան 375 մետր երկարություն ունեցող թունելախորշում և տեղում ծանոթացան իրավիճակին ու բոլոր սարքավորումներին, որոնք ժամանակին բերվել են Ճապոնիայից, Կանադայից, Ղազախստանից և ԱՄՆ-ից:
Հատկապես մեծ նշանակություն ունի 1991 թ. ԱՄՆ-ի IRIS Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի կողմից տեղադրված կայանը, որը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժգնության և ուժեղ երկրաշարժերը: Թունելախորշում դիտարանի տնօրեն Լևոն Հախվերդյանը ծանոթացրեց կվարցային դեֆորմոգրաֆի աշխատանքին: Այն շատ զգայուն է և կարող է գրանցել անգամ Ինդոնեզիայում տեղի ունեցող երկրակեղևի դեֆորմացիաների վերաբերյալ տվյալները: Սարքը տարածաշրջանում միակն է և ստացված տվյալներն անմիջապես փոխանցում է ԱՄՆ-ում IRIS-ի կենտրոնական լաբորատորիա:
Չնայած տեխնիկական հզոր համալրմանը` Լ. Հախվերդյանի խոսքերով, այդ բոլոր սարքերն արդիականացման կարիք ունեն: Կա նաև որոշ նոր սարքերի պակաս, անհրաժեշտ են նոր աշխատակիցներ և Գառնիում նրանց համար բավարար կենցաղային պայմաններ: Դիտակայանի բոլոր սարքերն աշխատող են, սակայն դրանց մի մասը 1994 թ. ի վեր չի գործում` անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց. «Այս կայանը մեզ համար մեծ հարստություն է: Մենք բնակվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում և ես շատ եմ կարևորում, որ մենք կարողանանք ճշգրիտ գնահատել սեյսմիկ վտանգն ու հասնենք մեր նպատակին` նվազեցնելով սեյսմիկ ռիսկերը, և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը համապատասխանեցնենք միջազգայյին բոլոր չափանիշներին: Այս ուղղությամբ մենք կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների հետ, քանի որ ծախսերը շատ են և մեծ ներդրումներ պետք է արվեն: Ես վստահ եմ, որ Գառնիի կայանը շատ շուտով կվերածնվի ու հաստատուն քայլերով առաջ կգնա»:
Հիշեցնենք, որ 2012 թ. մարտին ՀՀ կառավարության որոշմամբ դիտարանն ամրացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նախկինում այն գտնվում էր ՀՀ ԳԱԱ վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը