Սևանի ափին կազմակերպվում են հանրային լողափեր
Հասարակություն
ՀՀ կառավարությունը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։
Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։
2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ։ Եվս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։
Կառավարությունն իր նիստում նախորդ նիստերից մեկում ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի շենքերից մեկի մուտքի կառուցման համար տրամադրել է 28.5 մլն, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի և Հրազդան քաղաքի Վանատուր-Ծաղկաձոր ճանապարհի օղակաձև պուրակների բարեկարգման և այդ օբյեկտների նախագծային աշխատանքների կատարման համար` ավելի քան 39 մլն դրամ։ Նշված գումարներն ուղղվում են այն ծրագրերի իրականացմանը, որոնք ավարտին կհասցվեն այս տարի։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի «Լուսմատ» ՓԲԸ-ն մասնավորեցնել դասական աճուրդով` դրանով իսկ վերականգնելով ընկերության կանոնավոր գործունեությունը։
Փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու համար «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել է 1 մլն 800 հազար դրամ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը