Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Թալինի քաղաքապետի լիազորությունները
Հասարակություն
ՀՀ կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով սահմանել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման արտոնագիր ստանալու համար սահմանված հայտի մերժման հիմքերը։
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը թույլատրել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ, ինչը կնպաստի դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով փորձաքննությունների իրականացմանը։
Գործադիրը փոխել է Արմավիրի մարզի Պտղունքի գյուղական համայնքի հողերի մի մասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտի գործառնական նշանակությամբ օգտագործելու համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը կատարելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 30 հազար եվրոյին համարժեք դրամ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պաշտոնապես որոշել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանին, իրենց դիմումների համաձայն, ազատել զբաղեցրած պաշտոններից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց շնորհակալություն է հայտնել անցած տարիներին կատարած աշխատանքի համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը