«Հայկական Ժամանակ». Նախագահական նստավայրի մոտ երեկ տարօրինակ բաներ են կատարվել
Հայկական Մամուլ
Նախագահական նստավայրի մոտ երեկ տարօրինակ բաներ են կատարվել: Օրվա ընթացքում փորվել է դարպասին զուգահեռ երկու երկար փոս, ինչից տպավորություն է ստեղծվում, որ շինարարները պատրաստվում են առաջ տանել նախագահականի դարպասը: Փոսեր փորելու նպատակի վերաբերյալ երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ թերթը չի կարողացել՝ նախագահականի լրատվական ծառայության ղեկավար Մերի Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել:
Երեկոյան, երբ թերթի թղթակիցը լուսանկարել է փոսերը, նախագահականի դիմած կայանված ոստիկանական «Գազելում» նստած մի ոստիկան, բնականաբար՝ կրթված, դաստիարակված ու լայն մտահորիզոնով, բղավել է. «Աղջի, էդ ի՞նչ ես նկարում», ինչին ի պատասխան « Հժ» թղթակիցը ոստիկանին կոչ է արել խոսել ոչ թե խուլիգանի, այլ ոստիկանի պես:
Իսկ հարցին, թե ինչի համար են արվել փոսերը, ոստիկանը նույնքան բարեկիրթ տոնով ասել է. «Քո գործը չի: Ասելու բան չունեմ»:
«Ուստի մնում է կռահեի թե ինչ է կառուցվելու այդտեղ: Ամենահավանականը, իհարկե, նախագահականի դիմացի ցանկապատն ու դարպասը առաջ բերելն է: Սա, պետք է նկատել, շատ պրագմատիկ որոշում է. համ նախագահականի տարածքն է մեծանում, համ էլ նստավայրի դիմաց մարդկանց բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորությունն է տեխնիկապես սահմանափակվում: Մի խոսքով, Սերժ Սարգսյանի պրագմատիզմին հարիր լուծում է: Այս տեսանկյունից «մասանդրաների» ու «բոմբոներկաների նման շենքերի» բացառիկ մասնագետ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի «ռոմանտիկ» էր: Նա նստավայրի դիմաց կանգնեցնել տվեց երկու խիստ «բարձրաճաշակ» արձաններ, որոնք շուտով՝ Սերժ Սարգսյանի գալուց հետո, անհետացան: Էլի պրագմատիզմի դրսևորում էր: Ու եթե մի օր տեսնենք, որ շինարարները առաջ են տալիս նախագահական նստավայրի ճակատային մասի պատշգամբը ու պատրաստվում շուշաբանդ սարքել, չզարմանաք՝ դա էլ է պրագմատիզմի դրսևորում,– գրել է «ՀԺ»– ն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ