«Գեոթիմ» ՓԲԸ-ն բնապահպաններին կոչ է անում իր տարածք չմտնել
Հասարակություն
«Գեոթիմ» ՓԲԸ-ն, որն Ամուլսարում և նրա հարակից տարածքներում հետազոտություններ է անցկացնում ոսկու հանք շահագործելու նպատակով, տարածել է հաղորդագրություն՝ շաբաթ օրը դեպի Ջերմուկ և Ամուլսար կայանալիք բնապահպանական արշավի մասնակիցներին կոչ անելով չմտնել իր տարածք։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը.
«Ամուլսար «արշավելու» փոխարեն խոսեք Ջերմուկի բնապահպանական խնդիրների մասին:
Սոցիալական կայքերից եւ առցանց ԶԼՄ-ներից մեզ հայտնի է դարձել, որ ս.թ. հունիսի 9-ին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է «արշավ դեպի Ամուլսար»:
Տեղեկացնում ենք, որ Ընկերությունը իրեն տրամադրված լիցենզիաների եւ ՀՀ գործող օրենքներին համապատասխան Ամուլսարում եւ նրա հարակից տարածքում իրականացնում է երկրաբանական-հետախուզական աշխատանքներ, որը ներառում է հարակից տարածքների բնապահպանական մոնիտորինգ: Այս հողատարածքը վարձակալվում է Ընկերության կողմից:
Պաշտոնապես հայտնում ենք, որ վարձակալված տարածքում չի թույլատրվում անցկացնել որեւէ հասարակական միջոցառում, արշավ կամ հավաք: Ընկերության որդեգրած առողջության եւ անվտանգության պահպանման նորմերը թույլ չեն տալիս տարածքում զանգվածային միջոցառումների անցկացում, այդ թվում՝ հասարակական արշավներ:
Հաշվի առնելով այս հանգամանքները, Ընկերությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին չխոչընդոտել Ընկերության բնականոն աշխատանքները եւ չներխուժել Ընկերության տարածք:
Միաժամանակ, «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության անդամներին եւ Ջերմուկի համար հոգ տանող բոլոր անձանց առաջարկում ենք ծանոթանալ ս.թ. մայիսի 30-ի «Երկիր» թերթի հրապարակման հետ, որը պատմում է այն մասին, որ Ջերմուկում գործում են բազալտի եւ մետաղախարամի բաց հանքավայրեր, իսկ Դալի գետակի ափամերձ տարածքում տեղակայված է Ջերմուկի քաղաքային աղբավայրը՝ իր երկու տեղամասով, որտեղ այս պահին կուտակված են 40 հզ խմ կոշտ կենցաղային թափոններ: Միգուցե քաղաքացիական նախաձեռնության անդամներին արժե ոչ թե «արշավ դեպի Ամուլսար» կազմակերպել, այլ խոսել բուն Ջերմուկում առկա այս բնապահպանական լուրջ խնդիրների մասին:
Նշենք, որ «ԳԵՈԹԻՄ» Ընկերությունը տարածքում բնապահպանական մոնիտորինգ է անցկացնում 2007թ.-ից՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջներով եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation/IFC) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (European Bank for Reconstruction and Development/EBRD) միջազգային չափանիշներով: Ներկայումս ավարտին է մոտենում այդ չափանիշներին համապատասխան շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ESIA) եւ նախատեսվում է ս.թ. ամռանը զեկույցի արդյունքները ներկայացնել ազդակիր համայնքներին:
Ընկերությունը Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի ոստիկանությանը գրավոր ծանուցել է տվյալ տարածքում նախատեսվող արշավի մասին, որպեսզի կանխվի որեւէ օրինազանց գործողություն կամ սադրանք»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը