Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Հասարակություն
Ճարտարապետ, քաղաքաշինարար, «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնող խմբի անդամ Սարհատ Պետրոսյանը բաց նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացվում է ստորև.
Հարգելի պարոն նախագահ
Նախորդ շաբաթ հասարակությունն ու լրատվական դաշտը հերթական անգամ ալեկոծվեցին' լսելով Երևան քաղաքի սրտում գտնվող Ծածկած շուկայի քանդման մասին նորությունը: Ինչպես և նախկինում, մենք՝ երիտասարդ ճարտարապետներս ու հասարակության այլ պրոֆեսիոնալ խմբերի ներկայացուցիչներ, մի կողմ թողեցինք մեր աշխատանքն ու լծվեցինք պաշտպանելու հերթական ավերվող հուշարձանն ու մեր քաղաքի պատմական հիշողությունը:
Մի քանի օրվա ընթացքում այնպիսի կոպիտ խախտումներ բացահայտվեցին, որոնց համար բազմաթիվ մարդիկ ոչ միայն սերունդերի առջև պետք է պատասխան տան, այլև հենց այսօր, քանի որ նրանց իրավական պատասխանատվության ենթարկելու բոլոր հիմքերը կան:
Այս պահին վստահ եմ' խնդրի լրջության վերաբերյալ արդեն իսկ հստակ ձևակերպված պատկերացում կա, և մոտ ապագայում կշտկվեն շենքի ամբողջականությունը խաթարող լուծումներն ու անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն: Հուսով եմ նաև, որ որոշ անձինք պատասխանատվություն կկրեն ոչ թե փարատելու համար մեր վրդովմունքը, այլ միայն և միայն նրա համար, որ բոլորը գիտակցեն՝ 2012 թվականից Հայաստանում մշակութային ժառանգության դեմ ցանկացած ոտնձգություն այլևս անպատիժ չի մնալու, ինչպես եղել է նախկինում:
Այսօր զոհասեղանին է դրված Երևանի պատմամշակութային միջավայրի գոյությունը: Այս օրերին ավելի քան երբևէ լսում ու խոսում ենք անդառնալի կորուստների մասին, բայց և այնպես այդ գործընթացները շարունակվում են նույն ոգով, անշեղորեն: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մեր համընդհանուր ժառանգության այնպիսի կառույցներ են ոչնչացվել, ինչպիսիք են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Սարյան փողոցում, Սևան հյուրանոցի վերջին հատվածը՝ արդարադատության նախարարության շենքը, Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի հետնամասը և այլն:
Սրանցից յուրաքանչյուրի մասին հնարավոր է բերել ինչ-որ տեխնիկական կամ իրավական հիմնավորում. մեկը պահպանվող հուշարձանների ցուցակում չի եղել, մյուսը հուշարձան է եղել, բայց աղճատվել է ու այրվել, մյուսի համար էլ մեկ այլ հիմնավորում կգտնվի:
Ցավով եմ նշում, որ այս բոլոր խնդիրների իրավական ու հոգեբանական նախադրյալները, որոնք վարպետորեն մշակվել են նախկինում ու հղկվել կատարելության աստիճանի, հուշում են, որ վտանգված է մեր ժողովրդի ժառանգության մաս կազմող ցանկացած կառույց: Այս իրավիճակի համար մեղքի մեծ բաժին ունենք մենք' ճարտարապետներս՝ որպես մասնագիտական հանրույթ, ի դեմս մեր միակ մասնագիտական միավորման՝ Հայաստանի ճարտարապետների միության: Բայց հանրույթի ու միության վարկաբեկումն ու լուսանցքում հայտնվելը ևս նշված տարիների ընթացքում իրականացված գործընթացների տրամաբանական շարունակությունն են: Այդ ամենի համար իրականացվել է փայլուն քարոզչական աշխատանք, ու այսօր երբեմնի ճարտարապետությամբ հպարտացող մեր հասարակությունում ճարտարապետներն այլևս չեն արժանանում նախկին հարգանքին ու ակնածանքին:
Այս բոլոր գործընթացներն ունեն միևնույն ձեռագիրը, մշակվել ու ղեկավարվել են մեկ անձնավորության կողմից, որը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, միշտ մնում է ստվերում՝ ի պաշտոնե լինելով այս ամենի պատասխանատուն: Այդ անձնավորությունը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանն է:
Հարգելի պարոն նախագահ: Բնականաբար, ես այս նամակը չէի գրի, եթե այլ ելք տեսնեի: Հավատացնում եմ՝ այդ անձնավորության անմիջական մասնակցության հետևանքով քաղաքաշինական գործունեության ոլորտի ողջ օրենսդրական և հայեցակարգային գործընթացները դուրս են մնացել տրամաբանական զարգացումից: Նրա անմիջական նախաձեռնությամբ 2000-ականների սկզբներին՝ Երևան քաղաքի հուշարձանների ցուցակների անվավեր ճանաչման ու նոր ցուցակի ստեղծման ժամանակ է հենց դուրս մնացել նշված կառույցները, որոնք այսօր կա՛մ վտանգված են, կա՛մ այլևս չկան: Այսօր հսկայական գումարների արժողությամբ քաղաքաշինական փաստաթղթեր (Երևանի գլխավոր հատակագիծը, գոտիավորման հատակագծերը և այլն) արժեզրկվում են միայն և միայն նրա անմիջական դրդմամբ, որոնց հակասող բազմաթիվ որոշումներ են կայացվում: Ինչպես արդեն նշեցի, վարպետորեն մշակված այս համակարգում շատ դժվար է գտնել օրենքով պատժելի մեծ խախտումներ, քանի որ հաշվի են առնված բոլոր իրավական հետևանքները, սակայն ցանկացած ազնիվ պրոֆեսիոնալ ցանկության դեպքում կարող է դրանք վեր հանել:
Այն ցավը, որ ապրում եմ որպես ճարտարապետ ու, առավել ևս, որպես դասավանդող ճարտարապետ, համարձակություն տվեց ինձ դիմելու Ձեզ: 2003 թվականից մեր՝ մասնագետներիս պայքարը գրեթե զրոյական արդյունք է ունեցել: Մեզ հաջողվել է բացառիկ դեպքերում ազդել որոշումների վրա, այն էլ հսկայական ջանքերի գնով, անհավասար պայքարում:
Այսօր կարծես թե այս բոլոր խնդիրները շտկելու քաղաքական կամք կա: Դրա դրսևորումներն են վարչապետի ու Երևանի քաղաքապետի կողմից արված մի շարք հայտարարություններն ու քայլերը: Սակայն դրանցում մի շատ կարևոր տարր է պակասում. չկա մասնագիտական նոր, թարմ ներուժի ներառումն այդ աշխատանքներում, այն դեպքում, երբ մեր կողքին ապրում են ոլորտի բոլորովին այլ մասնագիտական կարողություններ ունեցող ներկայացուցիչներ: Անցած տարի Ձեր ձեռամբ բացված Մատենադարանի ու Զվարթնոց օդանավակայանի նոր ժամանակակից մասնաշենքերը, որոնք վերջին տարիներին քաղաքաշինական առումով ամենագրագետ շենքերից են, այդ նոր որակի մասնագետների գոյության ու անհրաժեշտության վառ ապացույցն են:
Հարգելի պարոն նախագահ։
Այս կերպ ներկայացնում եմ իմ դիրքորոշումը՝ զգալով, որ անզոր եմ այլևս այլ կերպ բարձրաձայնել այս վերահաս վտանգի մասին: Դիմում եմ Ձեզ, որպեսզի ներկայացնեմ ոլորտում առկա ստեղծված ծանր իրավիճակը: Որպես ոլորտի տեղյակ անձնավորություն, որը 2000-ականներից փորձում է մասնագիտական շրջանակներում դրական առաջընթաց ապահովել, կարող եմ հավաստիացնել, որ քանի դեռ Նարեկ Սարգսյանը մեր հանրության շրջանում վայելում է պետական հովանավորություն, մենք անընդհատ ունենալու ենք «Ծածկած շուկա», «Մաշտոցի այգի» և այլն:
Խնդրում եմ մեզ՝ ճարտարապետներիս հնարավորություն տալ շիտակ կերպով նայել ապագա սերունդերի աչքերին, որի համար պատրաստ ենք անել ամեն ինչ հանուն մեր մասնագիտական արժանապատվության ու քաղաքացիական պատասխանատվության:
Հարգանքով՝
Սարհատ Պետրոսյան,
ճարտարապետ, քաղաքաշինարար


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը