Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով
Հասարակություն
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակեց դեղերի պետական գնումների ոլորտում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
ՏՄՊՊՀ փորձագետները, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշեցին, որ դեղերի պետական գնումների համակարգում իրոք տեղ են գտել մի շարք իրավախախտումներ, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն են թողել մրցակցային դաշտի վրա: «Նատալի ֆարմի» վարքագիծը հակամրցակցային է դիտվել 8 մրցույթներում: Մասնավորապես՝ մրցույթից առաջ կամ հետո «Նատալի ֆարմը» կատարել է «ցեֆտրիաքսոն» դեղատեսակի նվիրատվություն, կամ այն մրցույթներում, որտեղ հայտ է ներկայացրել «Սզնի» ընկերությունը, կատարվել է ինքնարժեքից ցածր գնով առաջարկ: Այսինքն՝ դեղ է ներմուծել 207 դրամով, սակայն մրցույթին ներկայացրել է շատ ցածր գին՝ «Սզնի» ընկերությանը դուրս մղելու համար:
Այդ ամենին փոխարեն «Նատալի ֆարմը» եկամուտ է ստացել այլ մրցույթներից, որտեղ կարողացել է պայմանավորվել մասնակից այլ ընկերությունների հետ: Օրինակ՝ «Քամելիա» ընկերության հետ պայմանավորվածությամբ մասնակցել է թիվ 19 և այլ պոլիկլինիկաների հայտարարած մրցույթներին, սակայն «Քամելիան» միտումնավոր տեխնիկական սխալներով հայտեր է ներկայացրել ու դուրս մնացել մրցույթից: Արդյունքում «Նատալի ֆարմը» դեղերն իրացրել է ավելի թանկ գնով: Մի շարք դեպքերում բուժհաստատությունները մրցույթներ չեն անցկացրել, որին նպաստել են նաեւ օրենսդրական բացերն ու սողանցքները:
Փորձագետները նշել են, որ «Նատալի ֆարմը» դեղերի ներկրման և իրացման ոլորտում ամենախոշոր ընկերությունն է և գրանցված է որպես գերիշխող դիրք գրավող: Ընկերությանը տուգանեցին 50 մլն դրամի չափով, այլևս նման գործողություններ թույլ չտալու պայմանով:
ՏՄՊՊՀ-ն խոստանում է, որ առաջիկայում կլինեն նաև նոր բացահայտումներ:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոք դիմումը ստացել էր «Ժառանգություն» Կուսակցության ներկայացուցիչներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից: Ըստ բողոքի՝ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը