Հերթական խորհրդակցություն, նոր հանձնարարականներ
Հասարակություն
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Մասնավորապես` ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանն առաջարկություն ներկայացրեց օձերի դեմ պայքարի հատուկ խումբ ստեղծելու մասին: Նա նաև զեկուցեց, որ Կոտայքի, Արագածոտնի մարզերում և Երևանի կենտրոնում լայն թափով սկսվել են հրշեջ մասերի վերանորոգման աշխատանքները, ավարտին է մոտենում ԱԻՆ պոլիկլինիկայի շինարարությունը: Լոռիում մեկնարկել է աղետների բժշկության հրահանգիչների վերապատրաստման «Արձագանք» շվեյցարական ծրագիրը:
Երբ ԱԻ նախարարը Բելառուսում էր, համագործակցության մի շարք ուղղություններից բացի, համաձայնություն ձեռք բերեց Բելառուսի ԱԻ նախարարի հետ, որ մեր երեխաներն էլ մասնակցեն այնտեղ կազմակերպվող պատանի փրկարարների ամառային ճամբարին: Հրավերն արդեն ստացվել է, և Հայաստանից 7 երեխա 3 չափահասի ուղեկցությամբ կմեկնի Բելառուս: Նախարարը հանձնարարեց դպրոցներում մրցույթ անցկացնել և ամառային ճամբար ուղարկել լավագույններին:
Ա. Երիցյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտպանության նախարարության հետ՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռները ներգրավվելու համար ու հանձնարարեց օդային հրդեհաշիջման սարքեր ձեռք բերել:
«ՍՊԱԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ ծրագիր է մշակվում նոր սերնդի դեֆորմոգրաֆ և թեքաչափ սարքեր ձեռք բերելու ուղղությամբ, ինչը հավանության արժանացավ նախարարի կողմից:
Ա. Երիցյանն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հանձնարարեց աշխատանքներ տանել կադետական դպրոց հիմնելու, ինչպես նաև ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորելու ուղղությամբ: ՃԿՊԱ ռեկտորը զեկուցեց, որ արդեն սկսվել են ԼՂՀ փրկարար ծառայության սպայական կազմի վերապատրաստման դասընթացները:
Խորհրդակցության ընթացքում «Ավիաինֆոտել» ընկերությունը նախարարին առաջարկություն ներկայացրեց ապահովել հրշեջ մասերն ու հրշեջ-փրկարարական մեքենաները տեսախցիկներով ու տեղորոշիչ սարքերով, ինչը թույլ կտա ավտոմատ կերպով որոշել դեպքի կամ տուժածների գտնվելու վայրը, կհեշտացնի արձագանքման գործընթացի կառավարումն ու կբարձրացնի փրկարարական գործողությունների արդյունավետությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը