Մորնինգսթարը խոստացել է այցելել Ջուղայի ոչնչացված գերեզմանատուն
ԱՄՆ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին իրավիճակի սրման դեպքերը երեկ քննարկվել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ Ադրբեջանի նոր դեսպանի նշանակման լսումների ընթացքում, հաղորդում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը և սենատոր Ռոբերտ Մենենդեսը դեսպանի թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարին մի քանի սուր հարց են ուղղել՝ կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների, Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների, ինչպես նաև ԼՂ հակամարտության վերաբերյալ:
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել Ադրբեջանի հետ և խորհուրդներ տա ժողովրդավարացման և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ և պետք է շարունակի նաև միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության լուծման համար:
Մենենդեսը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական սահմանին իրականացված վերջին հարձակումների վրա, և հիշեցրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց թշնամին հայերն են՝ ողջ աշխարհում և որ հայերը պետք է միշտ ապրեն վախի մթնոլորտում: Նա հարց է բարձրացրել, թե արդյոք նման հայտարարություններ անող երկրին ռազմական տեխնիկա վաճառելը բխում է ԱՄՆ–ի շահերից։
«Լարվածությունը մեծ է նաև Ադրբեջանի այլ հարևանների հետ՝ մասնավորապես Իրանի: Ես կարծում եմ, որ հնարավոր ռազմական աջակցությունը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է նա:
Պատասխանելով Մենենդեսի հարցին՝ Ադրբեջանի կողմից հայկական Ջուղայի գերեզմանատան ավերման վերաբերյալ, Մորնինգսթարն ասել է. «Ես չգիտեմ։ Սակայն եթե նշանակվեմ դեսպանի պաշտոնում, ապա ամեն ինչ կանեմ այդ վայր այցելելու համար: Ցանկացած նման գործողություն անընդունելի է, և ես ամեն ինչ կանեմ այնտեղ այցելելու համար»։
Սենատոր Մենենդեսը նաև հարց է ուղղել 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նշել, արդյոք 1.5 միլիոն հայերի դաժանաբար սպանության փաստը վիճարկելի է ձեզ համար: Մորնինգսթարը պարզապես պատասխանել է. «Ոչ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)