Շահումյանը 20 տարի անց. խաթարված ճակատագրերի հետքերով
Հասարակություն
Մոտ քսան տարի առաջ՝ 1992 թվականին, Շահումյանի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 20000) տարհանվել է։ Տարհանվողների թվում է եղել Մուրադյանների ընտանիքը։ Lurer.com-ը 20 տարի անց հարցազրույց վերցրեց ընտանիքի անդամներից մեկի՝ Գայանե Մուրադյանի հետ, ով մեզ պատմեց իրենց ընտանիքի դեգերումների մասին։
«Ես 1992 թվականին 14 տարեկան էի։ Մեր ընտանիքը բազմանդամ էր՝ հայրս ու մայրս, երկու քույրիկներս՝ մեկն ամուսնացած էր, մյուսը՝ 16 տարեկան, եղբայրներս՝ 12 և 18 տարեկան, ունեի նաև տատիկ։ Ապրում էինք շատ լավ, ապահոված կյանքով։ Այդ չարաբաստիկ օրը մենք ընտանիքով գնացինք Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղ՝ հորաքրոջս տուն։
Հայրս մնացել էր տանը (ումից առ այսօր տեղեկություն չունենք), իսկ մեծ եղբայրս տանեցիներին առանց զգուշացնելու միացել էր կամավորական ջոկատներին՝ կռիվ տալու ազերիների դեմ։ Ճանապարհին էինք, երբ իմացանք, որ ադրբեջանցիներն արդեն մտել են Շահումյան։
Իմանալուց հետո մենք ոտքով փախանք Գյուլիստան, այստեղից էլ միայն կանանց և երեխաներին մեքենաներով ուղարկում էին Հաթերք։ Ճանապարհը սարսափելի էր. մենք սնվում էինք խոտերով և անձրևաջուր խմում»,- հուզված պատմում էր Գայանեն։ Վերջինիս խոսքերով՝ Հաթերք հասնելուց հետո իրենց ուղարկում են Ստեփանակերտ, որտեղից էլ՝ Երևան։
Lurer.com-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ ճանապարհի ընթացքում իրենց տատիկին և եղբայրներին կորցրել են։ Մայրը՝ Լարիսա Մուրադյանը, երկու աղջիկների հետ հասնում է Երևան, որտեղից էլ տեղափոխվում են Հրազդան քաղաք։ Այստեղ էլ վաճառելով իր մոտ մնացած ոսկեղենը՝ մի կերպ փորձում է մեծ վշտի հետ մեկտեղ պահպանել աղջիկների գոյությունը։
Շահումյանի իրենց տանը թողնելով երեք ավտոմեքենա, տատիկի բավականին մեծ քանակությամբ ոսկեղենը՝ ստիպված են լինում ապրել անապահով կյանքով։ 1999 թվականին մայրը՝ երկու աղջիկների հետ, տեղափոխվում է Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղ։ Գայանեն ուրախությամբ է հիշում այն օրը, երբ իրենք լուր են ստանում եղբայրներից, ովքեր պարզվում է, որ հորաքրոջ հետ մազապուրծ փախել են Ռուսաստանի Դաշնություն։
Դրանից որոշ ժամանակ անց իրենց է գտնում մեծ քույրը։ Մայրը ներկայումս բնակվում է որդիների մոտ, իսկ իրենք՝ քույրիկներով, յուրաքանչյուրն ունեն իրենց ընտանիքները։ Գայանեն ներկայումս էլ շարունակում է ապրել Արծվաշեն գյուղում և ունի երեք աղջիկ։
Lurer.com-ի այն հարցին, թե ինչո՞վ են զբաղվում իրենք, նա ասաց. «Մենք հիմնականում զբաղվում ենք հողագործությամբ և անասնապահությամբ։ Գոհ ենք. ապրում ենք մեր ունեցածով ու հուսով եմ, որ մի օր անպայման գնալու եմ Շահումյանում գտնվող մեր տունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը