Ու՞ր են թռչում երևանցիները
Հասարակություն
Ահա ավարտին է մոտենում թեժ աշխատանքային ու ուսումնական շրջանը, և կամաց-կամաց երևանցիները պատրաստվում են վերականգնել իրենց ուժերն ու լիարժեք հանգստանալ: Թե ճամփորդելու համար ո՞ր ուղղություններն են նախընտրում հայերը, կփորձենք պարզել այցելելով տուրիստական բյուրոներ և ավիատոմսերի վաճառքի կետեր:
Նալբանդյան 110 հասցեում գտնվող «Իմեգա» տուրիստական գործակալության աշխատակից Նելլի Մուրադյանը տեղեկացրեց, որ հանգստի համար ամենալավ շրջանը հուլիս-օգոստոս ժամանակահատվածն է: Այս շրջանում հանգստանալ ցանկացողները շատ են ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ՝ սահմաններից դուրս: Արտասահմանում հանգստանալ ցանկացող հայերը ընտրում են ծովափնյա և էքսկուրսիոն հանգստի տարբերակներ, իսկ Հայաստանի սահմաններում հանգստացողները նախընտրում են Ջերմուկը, Աղվերանը, Ծաղկաձորը:
Մաշտոցի 42 հասցեում գտնվող «Աերոտուր» տուրիստական ընկերության մենեջերը հավելեց.
- Որպես մասսայական ուղղություն՝ առաջինը Միացյալ Էմիրություններն են: Հայերը մեկնում են և՛ հանգստանալու, և՛ գնումներ կատարելու նպատակով: Կապված մեկնելու նպատակից՝ մենք ընտրում ենք համապատասխան հանգստի գոտին և հյուրանոցը: Երկրորդ մասսայական ուղղությունը Անթալիան է, ցավով պետք է նշեմ, որ հայերի հոսքն Անթալիա տարեց-տարի ավելանում է: Հիմնական պատճառն այն է, որ հանգիստն այնտեղ շատ լավ է կազմակերպված, և ոչ մի խնդիր չի առաջանում: Բուլղարիա մեկնողները նույնպես քիչ չեն, սակայն որակի առումով այդ հանգիստը բավական զիջում է Անթալիայի հանգստին: Այս տարի հետաքրքիր երևույթ է նկատվել. հայերը ավելի շատ նախընտրում են հանգստանալ Իսպանիայում, քան՝ Իտալիայում: Զարմանալի է, քանի որ պահանջարկի առումով Իտալիան միշտ գերազանցել է բոլորին: Հովհարային անջատումների պատճառով նվազել է նաև Չեռնոգորիա մեկնողների քանակը, իսկ նախորդ տարիների համեմատ ընդհանրապես չեն մեկնում Եգիպտոս:
Հարևան Վրաստանում հանգստանալու մեկնողները շատ են, սակայն նրանց մեծ մասը մեկնում է կա՛մ իրենց սեփական տրանսպորտային միջոցներով, կա՛մ գնացքով, և այս պատճառով տուրիստական գործակալություններ դիմողները շատ չեն:
Ուսանողուհի Գոհար Արամյանն ասաց.
- Իհարկե շատ հաճելի է հանգստանալ տարբեր երկրներում, սակայն ֆինանսական պայմանների սղության պատճառով Հայաստանից երկար բացակայել չեմ կարողանում: Հիմնականում հանգստանում եմ Ծաղկաձորում, այն էլ 3-4 օրով: Հանգստանալուն խոչընդոտում է նաև աշխատանքը, սակայն այդ աշխատանքի շնորհիվ ես հույս ունեմ, որ հաջորդ տարի կհանգստանամ Հավայան կղզիներում:
Ստացվում է, որ հանգստանալու մեկնողներին էլ կարելի է դասակարգել՝
1. մարդիկ, ովքեր հանգստանում են Հավայան կղզիներում, Բորո-Բորայում,
2. մարդիկ, ովքեր մեկնում են Անթալիա, Բուլղարիա և
3. մարդիկ, ովքեր հանգստանում են Վրաստանում կամ պարզապես չեն կարողանում հանգստանալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը