Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելված է. Հակոբ Սանասարյան
Հասարակություն
Երեկվա նիստում Կառավարությունը հաստատեց Սևանա լճից ոռոգման ջրի պակասը լրացնելու նպատակով լրացուցիչ 150 միլիոն խմ ջուր բաց թողնելու նպատակով կատարվելիք օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ այն պատճառաբանությամբ, թե ջրի սակավության հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ու այն վավերացնելու խնդրանքով որոշվել է դիմել ԱԺ։ Նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի ծավալով ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմնավորել է այսպես. «Վտանգված է Արարատյան դաշտավայրի գյուղացիական համալիրը: Մեկ հեկտար ջրի պահանջարկի հաշվարկ է իրականացվել։ Պարզվել է, որ այն ջրային պաշարը, որ մենք այս պահին ունենք, շատ արագ սպառվելու է։ Եթե ցանկանում ենք ապահովել ոռոգման ջրի նորմալ մատակարարումը, պարտադրված ենք լինելու Ազգային ժողովից թույլտվություն ստանալ եւ լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սեւանա լճից, որպեսզի գյուղատնտեսությունում խնդիր չունենանք»։
Խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ։
«Կառավարության նման քայլը սպասելի էր։ Սևանա լճի մակարդակի բարձրացումը ոչ միայն չի խրախուսվում, այլև կարելի է ասել՝ արգելված է։ Հաստատվել է Սևանի լճի մակարդակի բարձրացման ժամանակացույց, ըստ որի՝ տարեկան 20-21 սմ պիտի բարձրանա, իսկ վերջին տարիներին բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ նկատվել է լճի մակարդակի տարեկան մինչև 50 սմ բարձրացում։ Ասում են, որ պետք է դա համապատասխանեցվի գրաֆիկին, որպեսզի մաքրեն ափամերձ տարածքները։ Մինչդեռ նրանք կարող էին այդ տարածքները ժամանակին մաքրել, ոչ թե այժմ հարյուրապատիկ ծախսեր անել՝ մաքրումը ջրի մեջ կատարելու համար։ Այս ամենը համապատասխանում է այնպիսի քաղաքականության, որը ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում խրախուսել Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Ուստի ԱԺ-ն ամենայն հավանականությամբ կվավերացնի օրենսդրական փոփոխությունները»,- նշեց Սանասարյանը։
Վերջինս ասաց նաև, որ ջրի սակավության կամ երաշտի պատճառաբանություններն արդեն սովորական են.
«2008 թ., երբ լճից վերցրին 300 մլն խմ-ից ավելի ջուր, տվյալներ գրեցին, որ այդ տարին ամենաշոգն էր, և դա արվեց մեր օդերևութաբանության վարչության և այլ կազմակերպությունների «աշխատանքի» շնորհիվ։ Եթե պետք է լինում շատ ջուր վերցնել, միշտ հղում են անում այդ վարչություններին։ Երաշտ, ջրամբարներում ջրի պակաս՝ դրանք պարզապես պատճառաբանություններ են։ Շատ տվյալներ են փոխված, անգամ այն, թե մեկ հեկտար տարածքի ոռոգման համար ինչքան ջուր պիտի ծախսվի, Սևանա լճի հետ կապված գործակիցն է փոխվել մի քանի տարի առաջ։ Սա քաղաքական պատվեր է, ես այդ տեսակետին եմ։ Իսկ եթե խոսում են ջրամբարների մասին, առաջին հերթին թող ջրամբարների վերին նիշերում հանքարդյունաբերություն չիրականացնեն, ծանր մետաղներով, թափոններով աղտոտված ջուրը չբերեն լցնեն ջրամբարները։ Նման խնդրի առջև կանգնած ջրամբարները բազմաթիվ են՝ Մարմարիկի, անգամ Ապարանի ջրամբարները։ Ապարանի ջրամբարից 6-7 կիլոմետր վերև շահագործվում է Թուխմանուկ կամ Մելիք գյուղի ոսկու հանքավայրը, որի պոչամբարն անմիջապես Քասախ գետի հունի կողքին է։ Աղտոտված ջրերով ոռոգված դաշտերում և´ բերքատվության խնդիրներ են առաջանում, և´ թունավոր տարրերն են անցնում սննդի մեջ, դա բաժին է հասնում մարդկանց, ինչի հետևանքով առաջանում են մուտացիաներ, հիվանդություններ»,- ասաց նա։
Կանաչների միության նախագահը կարծում է, որ Սևանի մակարդակի բարձրացման դեմ քայլերի հետևում հստակ շահագրգիռ անձինք են կանգնած, այդ թվում՝ ՀՀ նախկին և ներկա նախագահները։
«Լճի մակարդակի բարձրացումը ո´չ Ռոբերտ Քոչարյանին, ո´չ Սերժ Սարգսյանին հարմար չէ։ Քոչարյանը Սևանի ալեկոծման նիշը 5 մետրից հասցրեց 1.5 մետրի, որպեսզի կառուցապատման տակ դրվելու ենթակա ափամերձ տարածքներն ավելի շատ լինեն։ Առափնյա մասերում կան նաև հսկայական կապիտալ շենքեր, որոնք հիմնականում պատկանում են պետական պաշտոնյաներին։ Ի՞նչ կարող են անել սրա դեմ բնապահպանները։ Մեզ լսող չկա, նախագահը մեր դիմումներին չի պատասխանում, վարչապետը եթե անգամ մեկ երկու նամակի պատասխանել է, ընդհանրապես անօգուտ է եղել։ Ովքե՞ր են ԱԺ պատգամավորները։ Մարդիկ, որոնց մեծ մասը Սևանի առափնյա հատվածում առանձնատներ ունի։ Իհարկե կվավերացնեն։ Արդեն անցյալ տարի էր պարզ երևում, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը կկասեցնեն այդ պատճառաբանությամբ»,- ամփոփեց նա։
Ի դեպ, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանի կարծիքով ևս սպասվող երաշտի կամ ջրի սակավության պատճառով Սևանից կրկնակի ծավալով ջուր վերցնելը չի հիմնավորվում։ Ավելին՝ նա նշում է, որ այս տարի ջրամբարներում ջրի պաշարներն անցյալ տարվանից ավելի են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը