Լավ կազմվածք ունենալու ամենաանվնաս ուղիներից մեկը
Հասարակություն
Մարդու արտաքինը շատ բան կարող է պատմել նրա մասին: Ներկայումս կա մարդկանց որոշակի խումբ, որը գրեթե ամեն ինչի պատրաստ է անթերի արտաքին ունենալու համար՝ թանկարժեք վիրահատություններ, կոսմետիկ միջամտություն և այլն: Ինչպես տեղեկացնում է դիետոլոգ Կարինե Սարգսյանը, տարբեր մարդկանց մոտ քաշի ավելացումը տարբեր պատճառներով կարող է լինել.
«Գիրանալու շատ պատճառներ կան՝ յուղոտ կերակուր, նրբերշիկ, քնից առաջ՝ հացով բրդուճ, քաղցրաբլիթներ և այլն: Շատակերությունը, որով տառապում են ինչպես մեծահասակները, այնպես էլ՝ փոքրերը, հանդիսանում է ճարպակալման հիմնական պատճառը: Շատ հաճախ քաղցը մարելու համար անհրաժեշտ սննդի նորմալ քանակը չի բավականացնում, և օրգանիզմը սկսում է պահանջել կերակրի նոր չափաբաժին»:
Լավ կազմվածք ունենալու ամենատարածված և ամենաանվնաս ուղիներից մեկը սպորտով զբաղվելն է: Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը սպորտով չի զբաղվում, առավոտյան չի վազում, մարզադահլիճ չի հաճախում, չի լողում, հեծանիվ չի վարում և նույնիսկ չի ծանրաբեռնում իրեն մի փոքր քայլելու համար։ Այժմ տեսնենք, թե ինչ կարծիք ունի այս մասին Արաբկիր թիվ 1 մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Սուսաննա Խալաթյանը.
«Գեղեցիկ կազմվածք ունենալու համար յուրաքանչյուր տարիքում մարդ պետք է զբաղվի սպորտով: Շատ հաճախ աղջիկները գալիս են մեզ մոտ և բողոքում իրենց կազմվածքից: Հիշեցնեմ, որ սպորտով զբաղվել երբեք էլ ուշ չէ: Բնական է՝ 20 տարեկան երիտասարդ աղջիկը, զբաղվելով գեղարվեստական մարմնամարզությամբ, չի կարող սպորտային մեծ արդյունքների հասնել, սակայն սիրողական պարապմունքների շնորհիվ նա կարող է հասնել ցանկալի արդյունքի և ունենալ իր նախընտրած կազմվածքը: Եթե ձեր կազմվածքից դժգոհ եք, պետք չէ կոմպլեքսավորվել և մտածել, թե ամեն ինչ վերջացած է: Պետք է ուղղակի ունենալ կամքի ուժ ավելորդ քաշի և շատակերության դեմ պայքարելու համար: Մեր սպորտաձևում կիրառվում են վազքը, ցատկերը, մագլցումները, նետումները և առարկաներով (գնդակ, ցատկապարան, փայտաձող) ճկունության, ձգման, թուլացման, որոշ մարզասարքերի վրա կատարվող մի շարք պարզ վարժություններ: Այս ամենի շնորհիվ մարզուհիները ձեռք են բերում ատլետիկ կազմվածք: Սակայն բնավ էլ կարևոր պայման չէ մարզադահլիճներ և լողավազաններ հաճախելը: Առողջ մարմին ունենալու համար կարելի է նաև տանը մարզվել: Միշտ պետք է հիշել «Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի» արտահայտությունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը