Դիմորդները՝ օտար լեզվի միասնական քննության մասին
Հասարակություն
Ահա և եկավ քննական շրջանը: Մեկը մյուսի ետևից իրար հաջորդող քննություններ, անքուն գիշերներ և սուրճի չարաշահում: Օրեր առաջ դիմորդները հանձնեցին օտար լեզվի միասնական քննությունը։
Մերի Սարոյանը, ով քննությունը հանձնել է Նար-Դոսի դպրոցում, Լուրեր.com-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ գոհ է քննական ընթացքից։ «Աղմուկ չկար, կարողացա կենտրոնանալ և լուծել քննական թեստը։ Պատասխանը դեռ չեմ ստուգել, հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Ես երբեք չեմ օգտվել ծածկագրերից, երբեք ոչ ոքի օգնությանը չեմ դիմել, այս քննությունների համար շատ եմ պարապել, քանի որ ոչ ծածկագրերից օգտվելու հմտություն ունեմ, ոչ էլ ցանկություն»,- նշեց նա:
Նույն դպրոցում քննություն հանձնած Կիմա Միրզոյանի խոսքերով՝ թեստը բարդ էր, նույնիսկ պարապմունքի ընթացքում բարձր ցուցանիշներ հավաքած իր ընկերներից շատերը դժգոհել են իրենց ստացած գնահատականներից։ «Հայոց լեզվի և գրականության թեստը շատ ավելի մատչելի էր, ոչ մի բարդություն չառաջացրեց»,- ասաց Կիման։
«Անհամբեր սպասում ենք երեխաների գնահատականներին։ Նրանք բոլորն էլ այսօր անհանգիստ էին, սակայն նրանցից ոչ պակաս անհանգիստ էինք մենք՝ ծնողներս։ Որքան էլ վստահ եմ աղջկաս գիտելիքների վրա, այնուամենայնիվ, հուզմունքը շատ է, և չեմ բացառում, որ երեխաների սխալները ոչ այնքան գիտելիքների պակասից է, որքան հուզմունքից և նյարդային վիճակից»,- մեզ հետ զրույցում պատմեց դիմորդներից մեկի ծնողը՝ Նաիրա Գասպարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը