Լրագրողին սպառնացել են վռնդել «Երևան Սիթի»-ից` գների դիտարկում կատարելու համար
Հասարակություն
Այսօր Լուրեր.com-ի լրագրողն ամենօրյա սպառման ապրանքների գների դիտարկում անելու նպատակով այցելել էր Տիգրան Մեծ պող. 10 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետ։ Անվտանգության աշխատակիցը, նկատելով, թե ինչպես է լրագրողը նոթատետրի մեջ արձանագրում այն կամ այն ապրանքի գինը, հարցրել է` արդյոք վերջինս ո՞ւնի տնօրինության կողմից հատուկ թույլտվություն` գների մասին տեղեկություն գրելու համար։
Լրագրողը պատասխանել է, որ հատուկ թույլտվության կարիք չկա, և ինքն իրականացնում է լրագրողական դիտարկում, սակայն անվտանգության աշխատակցի կողմից կանչված մենեջերը կոպտորեն պահանջել է հեռանալ։ Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գների գրառման արգելքը, մենեջերը, չպատասխանելով հարցին և ոչ մի կերպ չհիմնավորելով, պահանջեց անհապաղ լքել սուպերմարկետի տարածքը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները «կօգնեն» դրանում։
Զարմանալի էր սուպերմարկետի տնօրինության նման արձագանքը, երբ լրագրողը, առանց տեսաձայնագրող սարքերի, լինելով նաև նույն այդ ամենօրյա ապրանքների սպառողը, պարզապես թղթի վրա էր անցկացնում գնապիտակների գները՝ չխախտելով օրենք և հասարակական որևէ նորմ, որպեսզի հետազոտության միջոցով պարզի հնարավոր գնաճի առկայությունը։ Փաստորեն խոչընդոտելով լրագրողի աշխատանքը՝ «Երևան Սիթի»-ի տվյալ մասնաճյուղն ամեն կերպ փորձեց թաքցնել սպասվող կամ արդեն վրա հասած գնաճն արձանագրող տեղեկությունների հավաքագրումը։
Հիշեցնենք նաև, որ օրենքով սահմանված չէ գնապիտակների վրա նշված գների գրառման որևէ արգելք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը