Ոստիկանները հրաժարվեցին ընդունել քաղաքացիների՝ այգում կառուցապատման դադարեցման դիմումը
Հասարակություն
Նոր Նորք վարչական շրջանի՝ անաղարտ մնացած հազվագյուտ կանաչ տարածքներից մեկի՝ Նանսենի այգու տարածքում շինարարություն է նախապատրաստվում։ Բնակիչները երեկ ահազանգել են, որ այգու մի մասը գիշերով առանձնացվել է որպես շինհրապարակ։
Երեկ կեսօրին արդեն հայտնի դարձավ, որ տարածքում պատրաստվում են կառուցել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան, ի դեպ՝ երկրորդը Երևանում։ Այսօր առավոտյան՝ ոչ աշխատանքային օրով, առավոտից սկսել են փորել առանձնացված տարածքը, և աշխատանքները դադարեցվել են միայն բնակիչների հավաքվելուց հետո։
Բնակիչներից ոչ ոք տեղյակ չի եղել, որ իրենց այգում պատրաստվում են շինարարություն կատարել, մինչդեռ Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրված խնդրանքին՝ դադարեցնել կանաչապատ տարածքում շինարարությունն ու չվտանգել այգին, պատասխանել են. «Մենք կուսումնասիրենք տարածքը և կհետևենք, որ կանաչ տարածքը չտուժի, ինչ վերաբերում է թանգարանին, ապա կառուցապատման որոշումն արդեն կայացված է, ընդ որում երկար ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում: Այգին չի վտանգվում, ընդամենն ավելանում է մեկ մշակութային փոքրիկ օջախով, որը համահունչ է այգու խորհրդին՝ Նանսենի անվան բարեկամության պուրակ, իսկ Նանսենը հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է»։
Այսօր տարածքում հավաքված և բողոքող բնակիչներին մոտենալով՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության վաշտի հրամանատար Մովսիսյանը հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում, իսկ երբ նրան խնդրեցին արգելել ոչ աշխատանքային օրով շինարարական աշխատանքները, որպեսզի վաղվանից սկսած դիմեն վարչական շրջանի ղեկավարին և փորձեն այդ ճանապարհով լուծել հարցը, նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ «այգու մեջտեղում շինարարություն են անում, ո՞նց կարող առանց լիցենզիայի լինի կամ ղեկավարությունը տեղյակ չլինի»։
Ի դեպ, բանվորներն ասացին, որ շուտով նոր աշխատողներ են գալու՝ փորման աշխատանքները շարունակելու համար;
Իսկ շինհրապարակի վրա փակցված նախագծի համաձայն՝ այգում կառուցվելու է քարե շրջանաձև շինություն։ Թե այն իր արտաքին ձևավորմամբ ինչքանով է համահունչ այգուն՝ կարող եք եզրակացնել ինքներդ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը