Բեմի փլուզման հետևանքով չեղյալ է հայտարարվել Radiohead-ի համերգը
Աշխարհ
Կանադայի Տորոնտո նահանգի Դուանսվյու այգում փլուզվել է հայտնի բրիտանական ռոք խմբի՝ Radiohead-ի, համերգի համար նախատեսված բեմը: Դրա հետևանքով մահացել է մեկ մարդ, կա 3 վիրավոր, տուժածներից մեկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Բեմը նախատեսված էր հատուկ Radiohead խմբի համերգի համար: Փլուզման պատճառներն անհայտ են: Ականատեսները նշում են, որ դեպքի ժամանակ եղանակը պարզ էր ու քամի չկար:
«Հանկարծ ուժեղ աղմուկ լսվեց»,- ասել է համերգային հրապարակի հարևանութամբ գարեջուր վաճառողը:
«Փլուզման ժամանակ տարօրինակ ձայն լսվեց՝ նման ձայնային սարքավորումների փորձարկմանը»,-պատմում է այգու աշխատակիցը՝ հավատացնելով, որ այնպիսի աղմուկ, ինչպիսին լինում է փլուզման ժամանակ, չի եղել:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ, փրկարարական ջոկատներ ու հետաքննողներ: Դժբախտ պատահարի մասին ահազանգ է եղել տեղի ժամանակով 16.00-ին՝ բեմի բացումից մեկ ժամ առաջ: Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ փլուզման ժամանակ շինության ներսում մարդ չի եղել: Ամբոխը հավաքված է եղել մուտքի դարպասների մոտ: Տուժողների անունները դեռ չեն նշվում: Ենթադրվում է, որ նրանց թվում եղել են բեմի աշխատակիցներն ու սպասարկող անձնակազմը: Դատելով վաճառված տոմսերի քանակից՝ համերգին ներկա պիտի լիներ շուրջ 40 հազար երկրպագու:
Radiohead-ի անդամները Twitter-ի միջոցով դիմել են իրենց երկրպագուներին՝ խնդրելով չհավաքվել այգում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կանադայում տեղի են ունեցել նմանատիպ մի քանի դժբախտ պատահարներ:
2011թ-ին Օտտավայում Cheap Trick խմբի ժամանակ բեմի փլուզման հետևանքով տուժել էր 3 մարդ: Մեկ այլ ողբերգական դեպք էր տեղի ունեցել 2 տարի առաջ Կանադայի Ալբերտա նահանգում անցկացվող փառատոնի ընթացքում, որի պատճառով մահացել էր մեկ մարդ, իսկ վիրավորների թիվը հասել էր 15-ի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ