Սպասվո՞ւմ են տրանսպորտային թանկացումներ
Հասարակություն
Հետընտրական թանկացումների շարքին կարող են գումարվել նաև ուղեվարձերը։ Առաջին ծիծեռնակն արդեն կա. Վանաձոր-Երևան և Երևան-Վանաձոր երթուղիներն սպասարկող 403 և 404 երթուղիների ուղեվարձը թանկացել է մոտ 15 տոկոսով՝ 1200 դրամից դառնալով 1400 դրամ։ Դա հարուցել է վանաձորցիների վրդովմունքը, քանի որ առանց այդ էլ սուղ միջոցներով ապրող շատ մարդկանց համար գնալ-գալու համար լրացուցիչ 400 դրամ վճարելն այնքան էլ հեշտ չէ։ Դժգոհ են հատկապես ուսանողները, ովքեր ամեն շաբաթ հասնում են մայրաքաղաք և վերադառնում։
Երևան-Վանաձոր երթուղին շահագործող «Ոսկեթև» ՍՊԸ-ն ուղեվարձի թանկացումը պատճառաբանում է դիզվառելիքի և ավտոպահեստամասերի գների բարձրացմամբ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Լուրեր.com-ին հայտնեցին, որ «Ոսկեթև ՍՊԸ»-ն մրցութային հանձնաժողովին ավելի բարձր գին է ներկայացրել, սակայն հանձնաժողովը, քննարկելով ներկայացված պատճառներն ու հիմնավորումները, նպատակահարմար է գտել թանկացնել ուղեվարձը 200 դրամով։ Կա նախարարի համապատասխան հրամանը, որն այսօր կտեղադրվի նաև կայքում։
Նախարարությունից մեզ ասացին նաև, որ միջմարզային մյուս երթուղիների ուղեվարձերի բարձրացման հետ կապված առաջարկներ առայժմ չեն քննարկվում, բայց այդպիսիք լինելու դեպքում էլ պիտի ողջ ընթացակարգով անցնեն. սպասարկող կազմակերպությունը չի կարող ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը