Նանսենի անվան պուրակում կկառուցվի՞ Նանսենի անվան թանգարան
Հասարակություն
Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան պուրակում շուտով կկառուցվի նաև Նանսենի անվան թանգարան: Այս առիթով մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր թանգարանը կառուցվում է կանաչ տարածքի հաշվին:
Լուրեր.com-ի հետ զրույցում Հայաստանում Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը նշեց.
«Նանսենի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում Երևանում տեղադրվեց նրա արձանը, իսկ այժմ կառուցվում է փոքրիկ թանգարան, որը զբաղեցնելու է ընդամենը 53քմ տարածք: Նշեմ, որ այդտեղ որևէ ծառ չի հատվում. թանգարանը կառուցվում է բետոնի վրա»:
Բախչինյանի տեղեկացմամբ, թանգարանի կառուցապատումը կատարվում է սույն թվականի մարտի 22-ին Երևանի քաղաքապետարանի ընդունած որոշման համաձայն, իսկ թանգարանի ճարտարապետը Ալբերտ Սոխիկյանն է:
Կառուցումից հետո թանգարանը որպես սեփականություն կհանձնվի Երևանի քաղաքապետարանին և կգործի որպես Երևանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ:
Թանգարանը կառուցվում է վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ:
«Մի մարդ, ով Եղեռնից հետո 320 հազար հայի կյանք է փրկել և նանսենյան անձնագրերով այդ մարդիկ հաստատվել են աշխարհի 52 երկրում, արժանի է ունենալ ընդամենը 53 քմ տարածք զբաղեցնող թանգարան, որտեղ պիտի ցուցադրվեն իր հայանպաստ գործունեությունն արտացոլող նյութեր: 20-րդ դարի Եվրոպայի ամենամեծ մարդասեր և մեր ժողովրդի բարեկամ Նանսենն արժանի է, որ Հայաստանում նրա անվամբ թանգարան լինի: Այս թանգարանն ավելի կպատմի Նանսենի մասին և մատաղ սերնդնին կօգնի ճանաչելու մեր ժողովրդի մեծ բարեկամին»,- ընդգծեց Ֆելիքս Բախչինյանը:
Նշենք, որ Երևանում և Արմավիրում գործում են Նանսենի անվան դպրոցներ իսկ Սպիտակում կա նրա անվամբ հիվանդանոց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը