Պահանջում են մանկապիղծից ետ վերցնել Արամյանների տունը
Հասարակություն
«Բարձրաբերդ» տուրիստական հանգրվան ՍՊԸ նախկին տնօրեն Ալբերտ Բաբայանը խնդրում է տուրիստական բացառիկ նշանակություն ունեցող Արամյանների տունը, որն ապօրինի կերպով տրվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, նորից դարձնել հանրապետական նշանակության տուրիզմի կենտրոն։
«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դեռևս 2005 թվականին Ախթալայի՝ իր ենթակայությամբ գործող «Բարձրաբերդ» ՍՊԸ տուրիստական հանգրվանը, անտեսելով ընկերության աշխատակիցների կարծիքը, անօրինական կերպով օտարել է «Մեթլ-Փրինց» ընկերությանը: Օտարումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Ես՝ որպես հանգրվանի տնօրեն, այն ժամանակ հայց եմ ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան կատարված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը չի քննարկվել ինձ համար անհայտ պատճառով:
Որպես տուրիզմի բնագավառի երկարամյա աշխատակից և 15 տարվա նախկին տնօրեն՝ խնդրում եմ Ձեր միջամտությունը ՀՏԶ հիմնադրամին' վերանայելու օտարման հետ կապված մանրամասները, քանի որ օտարումը կատարվել է զանազան զեղծարարություններով, և հանգստի վայրը օտարվել է մեր հասարակության համար անընդունելի, անպարկեշտ մի անձի՝ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին, որն արժանի չէ դեռևս անցյալ դարի սկզբներին մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից հիմնադրված եզակի ճարտարապետական կառույցներն ու տարածքը տնօրինելուն:
Հանգրվանը կարող է հանրապետության համար դառնալ տուրիզմի զարգացման հյուսիսային կենտրոն, որը նախկինում էլ եղել է համամիութենական մակարդակի առողջարան և եզակի հանգստավայր:
2005 թվականին Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի և «Մեթլ-Փրինս» ընկերության պայմանագրի համաձայն' պետք է 15 տարվա ընթացքում կատարվեին ներդրումներ, և հանգրվանը, որպես տուրիզմի գոտի, ծառայեր բնակչությանը' ստեղծելով աշխատատեղեր տեղի բնակչության և նախկին աշխատակիցների համար:
Ներկայիս սեփականատեր Ս. Տեր-Պողոսյանը, սակայն, քանդել ու ավերել է այն ինչպես ցանկացել է' առանց որևէ նախագծի և թույլտվության: Արվե՞լ են ներդրումներ, թե՞ ոչ՝ հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ նշված սեփականատերը պատմական հուշարձանի տարածքում տեղադրել է իր ծնողների հուշաքարերը, ինչը այլ բան չէ, քան աբսուրդի գագաթնակետ:
Հարգարժան պարոն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին, որպեսզի վերանայվի օտարման գործընթացը, միաժամանակ, նկատի ունենալով այդ գործընթացի հետ կապված անօրինականությունները, հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը»,-ասված է Ալբերտ Բաբայանի՝ Նախագահին ուղղված նամակում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը