Դրանց ստեղծողները պետք է պատասխան տան, ոչ թե անգրագետ ինչ-որ մի թիկնապահ. Աշոտ Ադամյան
Հասարակություն
Այս երևույթի արհեստական լուծումներ ես չեմ ընդունում։ Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով «Հարսնաքարում» վերջերս տեղի ունեցած միջադեպին։
Նա նշեց, որ «(a+b)²-ն ունի որոշակի լուծում և եթե այլ կերպ ես անում, դա սխալ է», և հավելեց, որ ինքը շատ է ցանկանում, որ ցանկացած մարդ, ինչ խնդրի առջև էլ կանգնի, խնդիրը լուծի ամբողջությամբ։
«Այս բոլոր մակիաժային լուծումները չեն բավարարում մեզ, որովհետև այն կառույցները, որոնք ոտնձգություն են կատարում մարդու անձի և մարդկային իրավունքների դեմ, ինչ-որ մեկի կողմից են ստեղծված և պատրաստված»,– ասաց նա։
Ադամյանն ասաց նաև, որ պետք է անպայման պատասխան տան դրանց ստեղծողները. «Պատասխան պետք է տա ոչ թե անգրագետ ինչ–որ մի թիկնապահ, այլ դրանց ստեղծողները»։
Ադամյանի կարծիքով, այդ թիկնապահներն անմեղսունակ են, գործիք են, իսկ գործիքը կարելի է մի տեղից վերցնել, մեկ այլ տեղ դնել։
«Եթե նա ֆիզիկապես ուժեղ է, թող գնա քար բարձի, բայց եթե ոտնձգություն է կատարում մարդու իրավունքների նկատմամբ, պետք է պատժվի, պիտի պատժվի ոչ միայն ինքը, այլև իրեն այդտեղ բերողը»,– ասաց Ադամյանը։
Անդրադառնալով նաև վերջերս ԱԺ–ի դիմաց Վարդգես Գասպարիի հետ կատարված միջադեպին՝ Ադամյան, նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին, ասաց, որ դա ավելի մեծ լկտիություն է։ «Դա ավելի լկտի իրավիճակ է, երբ մեկը հանգդնեց ցույց տալ, որ այս է իրավիճակը և այսպես էլ լինելու է»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը