Պետության ծրագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը
Հասարակություն
Կառավարությունը հավանություն է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։ Արգելավայրը, որը գտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, կազմավորվել է 1958 թվականին։ Դրա պահպանության օբյեկտն է Հարավային Կովկասում բնական ջուզգունի միակ ամբողջական աճման էկոհամակարգը` իր յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Արփի» լճի ազգային պարկի ստեղծում» ծրագրի իրականացման ժամկետը երկարացնելով մինչև 2012 թ. նոյեմբեր ամիսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ բնապահպանությունը մեր հանրությանը հուզող կարևորագույն հարցերից է։ «Պետության ծրագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը», - շեշտել է վարչապետը և ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել լրատվական միջոցներով ներկայացնել արգելավայրերի զարգացման ծրագրերը։
ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որի պահանջը` ճշգրտված ու թարմացված տեղագրական քարտեզների ստեղծումը, կապված էր ռուսական Ռեսուրս-ԴԿ-1 արբանյակից ստացվելիք տվյալների հետ։ Սակայն երկար տարիների շահագործումից նկարահանման ճշգրտությունը կորցրած արբանյակը տարեվերջին փոխարինվելու է նորով։ Դրանից հետո միայն կճշգրտվեն ու կթարմացվեն ՀՀ զգալի տարածքի տեղագրական քարտեզները։
Եվս մեկ նախկին որոշման փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Ընդերքի մասին» օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակում Օգտակար հանածոների պաշարների գործակալության գործառույթները։
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «Պահուստ» ՊՈԱԿ-ից հետ է վերցրել Աբովյան քաղաքում տեղակայված պահեստային շինությունները և հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը. այնտեղ կտեղակայվի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության սարքավորումների, դեղորայքի և այլ գույքի կենտրոնական բազան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը