Օլիգարխներն իրենց շատ սանձարձակ են պահում. Զարուհի Հովհաննիսյան
Հասարակություն
Ես չեմ կարծում, որ պատասխանատվություն չպետք է կրի սեփականատերը, ով ԱԺ պատգամավոր է: Նման կարծիք Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանության բարձրաստիճան սպայի այն տեսակետին, թե «Հայրապետյանն ըստ իս դեպքի հետ առնչություն չունի»:
Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական դերակատարում և քաղաքացիական կարծիքի ու բարքերի մեջ բավականին մեծ ազդեցություն ունեցող անձը չի կարող պատասխանատվություն չկրել:
«Օլիգարխներն իրենց շատ սանձարձակ են պահում: Դա ապացուցում է նաև օրերս ԱԺ-ի դիմաց Վարդգեզ Գասպարի հետ կապված միջադեպը, երբ Սամվել Ալեքսանյանը հենց իր ձեռքով բռնություն գործադրեց ցուցարարի հանդեպ և դրան հաջորդեց նաև թիկնապահի գործողությունը: Ես կարծում եմ, որ դա շարունակությունն է նախորդ միջադեպի»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ եթե նրանք նաև ֆիզիկապես են ներկա լինում բռնություններին, էլ ի՞նչի մասին է խոսքը:
«Իրողությունը բարդել թիկնապահների վրա կամ ինչ-որ մի օբյեկտի աշխատակիցների՝ շատ երկրորդական հարց է: Սա մի շղթա է, որի յուրաքանչյուր օղակ ենթակա է պատասխանատվության»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության հետագա քայլերին՝ Հովհաննիսյանն ասաց, որ նախաձեռնության անդամներն այսօր երեկոյան հանդիպելու են և կորոշեն թե ինչպես են տանելու հետագա մարտավարությունը և ինչ մեթոդներով են պայքարելու։ Կքննարկեն և՛ իրավական հարցերը, և՛ ակցիաների միջոցով պայքարի հնարավորությունները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը