ԱՄՆ-ն հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը մինչև տարվա վերջ պետք է որոշում կայացնի` Ադրբեջանում իր դեսպան Մեթյու Բրայզայի ժամկետը երկարաձգելու կամ հետ կանչելու հարցի վերաբերյալ։ Սակայն դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Ամերիկայի հայկական լոբբին պահանջում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը հետ կանչի Բաքվում իր դեսպանին։ Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ 2012 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ` նախագահ Բարաք Օբաման չի ուզում առճակատման դուրս գալ հայկական լոբբիի դեմ և ամենայն հավանականությամբ Բրայզան կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բաքվում։ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության մամլո պատասխանատու Քեյթ Բինը հաստատել է, որ, իրոք, Մեթյու Բրայզան այս տարվա վերջին կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ Սենատում դեսպանի իր թեկնածությունը քննարկելու համար։
«Նախագահ Օբաման Մեթյու Բրայզային Ադրբեջջանում ԱՄՆ–ի դեսպան է նշանակել 2010 թ.–ի դեկտեմբերի 30–ին՝ օգտագործելով իր սահմանադրական լիազորությունները, երբ Սենատը գտնվել է հանգստյան շրջանում։ Իսկ դեսպանի նշանակման ժամկետը մինչև Սենատի նիստերի հաջորդ շրջանն է տևում», - ասել է Բինը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը ներկայացրել է Սենատի հաստատմանը, և, ամենայն հավանականությամբ, դեսպանը կշարունակի դիվանագիտական առաքելությունը Բաքվում»։
Դեսպանության մամլո խոսնակը հավելել է, որ ներկա պահին Սենատում դեռ քննարկվում է Մեթյու Բրայզայի թեկնածությունը։ Իսկ դեսպանի ժամկետը երկարացնելու քննարկումն սպասվում է դեկտեմբերի վերջին։ Եթե ԱՄՆ Սենատը չհաստատի Բրայզայի թեկնածությունը, դա կնշանակի նրա դիվանագիտական առաքելության վաղաժամկետ ավարտը։ Հաղորդում է "REGNUM" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)