Միայն վերանորոգված մանկատները չեն լուծում հիմնախնդիրները
Հասարակություն
Վերջին տարիներին ՀՀ-ում հաճախակի են դրաձել քննարկումները երեխաների պաշտպանությանը վերաբերող մի շարք կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ: Մտահոգությունները վերաբերում են հաստատություններում՝ այդ թվում մանկատներում, երեխաների խնամքի կազմակերպման նպատակահարմարությանը: Փորձը ցույց տվեց, որ երեխաների խնամքի կազմակերպումը հաստատություններում շատ առումներով չի արդարացնում իրեն: Նախ՝ պետությունը հսկայական գումարներ է ծախսում այդ հաստատություններում երեխայի խնամքի կազմակերպման համար, երկրորդ՝ երեխաների մոտ առաջանում են սոցիալ-հոգեբանական բազմաթիվ հիմնախնդիրներ, երեխաները այդտեղից դուրս են գալիս ինքնուրույն կյանքին անպատրաստ: Այս կառույցներում քիչ չեն նաև երեխաների իրավունքների ոտնահարման, ինչու չէ նրանց նկատմամբ բռնության դեպքերը: Ի դեպ մանկատան՝ ժամանակի վերջին շնչին համապատասխանող վերանորոգումը կամ բարեհոգի այցելուների կողմից բերված փափուկ խաղալիքներն ու այլ նվերները ի զորու չեն լուծել թվարկված հիմնախնդիրները:
ԱՄՆ-ում, Ավստրալիայում և եվրոպական բազմաթիվ երկրներում ինստիտուցիոնալ խնամքի թերությունները հաշվի առնելով կիրառվում է ընտանեկենտրոն մոտեցումը, որը հիմնվում է այն գաղափարի վրա, որ ընտանիքը երեխայի զարգացման լավագույն միջավայրն է: Ընտանեկենտրոն մոտեցման շրջանակներում ծառայություններ են մատուցվում ընտանիքներին, որոնցում առկա է երեխայի անտեսումը կամ հաստատություն տեղափոխման ռիսկը: Ընտանիքի պաշտպանության ծառայությունները ուղղված են մի կողմից երեխայի՝ հաստատություն տեղափոխման կանխարգելմանը, իսկ մյուս կողմից՝ ընտանիքի պահպանման ու գործառնման բարելավմանը:
Այս առումով պետությունը կարծես թե որոշակի քայլեր է անում՝ իրականացնելով խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագիրը, որը հաճախ անվանում են նաև մանկատների «բեռնաթափման» ծրագիր, խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը և այլն: Չնայած այս հարցում դեռ լուրջ տեղաշարժեր չկան, քանի որ իրականացվող ծրագրերի մի մասը դեռ փորձարկման փուլում է, մյուսների ծավալներն էլ՝ այսինքն սպասարկվող շահառուների թիվը բավականին փոքր է:
Անուշ Դանոյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը