UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարին
Հասարակություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Աարենսը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին 1994 թվականից առ այսօր համակարգին սրտացավ աջակցություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցելով, իրականացվել և շարունակվում են մի շարք ծրագրեր` «Անվտանգ մայրություն», «Իմունիզացիա», «Կրծքով սնուցման խրախուսում», «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում», «Երեխաների աճի և զարգացման գնահատում և մոնիտորինգ», «Յոդի դեֆիցիտի դեմ պայքար» և այլն:
Հենրիեթ Աարենսը նախարարին է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև գործող համագործակցության ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել 2012-2013 թվականներին: Կարևորելով մայրերի, երեխաների, հատկապես նորածինների և դեռահասների առողջությունը` երկամյա ծրագիրը կոչված է բարելավելու մոր և մանկան առողջապահական ծառայությունները:
Նորածնային մահացությունը կանխարգելելու և նվազեցնելու առումով ընդգծվել է մարզերում նորածնային վերակենդանացման կենտրոններ ստեղծելու ծրագիրը, որն արդեն ներդրվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում, առաջիկայում ընդգրկվելու են նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը:
Ներկայացվել են նաև ծրագրի մյուս բաղադրիչները` երեխաների և հղիների սնուցում, ալյուրի միկրոտարրերով հարստացում, իմունիզացիա, վաղ տարիքի երեխաների առողջություն և խնամք, դեռահասների առողջության ու սնուցման հասանելություն, մատուցվող ծառայությունների որակի վերահսկում, կրթական ծրագրեր:
Առողջապահության նախարարը նշել է, որ առաջարկված ուղղություններն առաջնահերթ են համակարգի համար և բխում են երկրի ռազմավարական ծրագրերից: Միաժամանակ, նախարարն առաջարկել է մանկական վերակենդանացման ծառայություններ ծավալել նաև Գյումրիում և Վանաձորում` հաշվի առնելով թե առկա ռեսուրսները, թե տարածաշրջանային նշանակությունը:
Ընդհանուր առմամբ, հավանություն տալով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերին, Դերենիկ Դումանյանը կարևորել է հանրային առողջապահության հզորացումը, հիվանդանոցային և կրթական մակարդակներում փոփոխություններ կատարելով` բժշկական կադրերի պատրաստումը: Նախարարը շեշտել է, որ նշված մոտեցումները ոչ միայն պետք է ուսուցանվեն բժիշկներին, այլև տարածվեն հասարակության լայն շրջանակներում, քանի որ լավագույն արդյունք կարելի է ապահովել ծնող-բուժաշխատող համագործակցության շնորհիվ:
Կողմերը պայմանավորվել են նշված բոլոր ուղղություններով ակտիվ համագործակցել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը