Հատուկ սարքը հնարավորություն է տալիս շինարարության սկզբում ստուգել շենքերի սեյսմակայունությունը
Հասարակություն
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը կարգադրեց համապատասխան գերատեսչությունների հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի գազով լիցքավորվող խոշոր տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման հետ կապված խնդիրները և առաջարկի լուծման տարբերակներ: Մասնավորապես` քաղաքացիներին անհանգստացրել էին բնակելի շենքների բակերում նման մեքենաների կայանման և գազի բալոնների տեխնիկական փորձաքննության հարցերը:
ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց, որ «Փյունիկ» հիմնադրամը նախարարությանը համակարգիչներ և շտապօգնության ավտոմեքենա է նվիրել, որը սպասարկելու է ԱԻՆ նորակառույց պոլիկլինիկային: Առաջիկա շաբաթվա ընթացքում դրանք կհանձնվեն ԱԻՆ տնօրինությանը:
ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների վիճակագրությունը և ծառայության` միջազգային համագործակցության ոլորտում տարվող աշխատանքների ընթացքը:
ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը զեկուցեց, որ վերջերս վերանորոգվել ու գործարկվել է շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության մի սարք, որը եզակի է տարածաշրջանում: Սարքը հնարավորություն է տալիս ստուգել նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը դեռևս շինարարության սկզբում, ինչը թույլ է տալիս վաղ շրջանում ուղղել նախագծային թերությունները և ապահովել շենքի սեյսմակայունությունը:
Գործակալության կողմից ներկայումս աշխատանքներ են տարվում նաև Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագոործակցության գործակալության (JICA) կողմից Գյումրիում հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած համակարգ ներդնելու ուղղությամբ: Դրա միջոցով գրանցվելու են այն երկրաշարժերը, որոնք կառաջացնեն 3 բալ և ավելի ուժգնության ցնցումներ: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի իրազեկության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում:
ԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ աղետների բժշկության հայ-շվեյցարական «Արձագանք» ծրագրի շրջանակներում Լոռվա և Շիրակի մարզերում վերապատրաստվել է 44 հրահանգիչ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը