Հունիսի 26-ը թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է
Հասարակություն
Այսօր թմրանյութերի դեմ պայքարը աշխարհում առկա հրատապ խնդիրներից է: Վիճակագրությունը փաստում է, որ հատկապես վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն աճել է թմրամոլության և թմրամիջոցների ներկրման հետ կապված հանցագործությունների թիվը: Շատ երկրներում հերոինի և կոկաինի ներմուծումը ռեկորդային ցուցանիշների է հասնում:
1987 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 42-րդ նստաշրջանի ժամանակ, որոշում է հունիսի 26-ը նշել որպես թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։
Ինչպե՞ս են թմրամիջոցները փոխում մարդուն
Թմրամոլությունը շատ արագ փոխում է մարդուն՝ ուրախ, անհոգ պատանիները կամ հմայիչ աղջիկները դառնում են դժբախտ, հիվանդ, տառապող մարդիկ: Նրանք կորցնում են իրենց հին ընկերներին, որոնց փոխարինում են նորերը' թմրամոլները: Հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է միայն նոր չափաքանակների հայթայթումով: Նրանք չեն կարողանում սովորել, աշխատել, առաջանում են հիշողության և ուշադրության հետ կապված խնդիրներ: Թմրամոլներն ավելի հաճախ են հիվանդանում, քանի որ նրանց օրգանիզմի բոլոր պաշտպանական մեխանիզմները խաթարված են: Թմրամոլներն իրենց վտանգում են արյան միջոցով փոխանցվող մի շարք հիվանդություններ, այդ թվում ՄԻԱՎ վարակ ձեռք բերելուն:
Մեր երկրում մինչ օրս գրանցված 1058 ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 38.5 տոկոսն անբուժելի վարակը ձեռք են բերել թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով:
ՄԻԱՎ վարակի և թմրամոլության փոխադարձ կապը
Թմրամոլությունը համարվում է առավել վտանգավոր ՄԻԱՎ-ով վարակվելու տեսանկյունից հետևյալ պատճառներով՝
1. Ներարկման պարագաների (ասեղներ, ներարկիչներ, լուծույթ պատրաստելու ընդհանուր տարողություններ, ֆիլտր) համատեղ օգտագործումը կարող է հանգեցնել ՄԻԱՎ վարակի փոխանցմանը մեկ օգտագործողից մյուսին:
2. Թմրամիջոցների որոշ օգտագործողներ զբաղվում են մարմնավաճառությամբ: Առանց պահպանակի սեռական հարաբերությունները կարող են վարակման պատճառ դառնալ:
3. Սեռական հարաբերությունից առաջ որոշ հոգեմետ նյութերի օգտագործումը նպաստում է առանց պահպանակի սեռական հարաբերությունների թվի աճին:
4. Թմրամիջոցներն ընկճում են մարդու իմունային համակարգը, ինչն ավելի է հեշտացնում ՄԻԱՎ-ով վարակումը:
Թմրամիջոցների տարածման դեմ պայքարը կամ գոնե դրանց շրջանառությունը որևէ կերպ վերահսկելու փորձերը շուրջ 100 տարվա պատմություն ունեն: 1909թ. փետրվարին ստեղծվեց Շանհայի ափիոնի հատուկ հանձնախումբը, որի աշխատանքներին մասնակցում էին 13 երկրներ' (Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Պարսկաստան, Պորտուգալիա, Սիամ, Ռուսաստան) փորձում էր թմրամիջոցների հոսքն Ասիական երկրներից սահմանափակելու ուղիներ գտնել:
Այդ հանձնախումբը կոչված էր, համախմբելով մասնակից երկրների ներուժը, գործի գցել հնարավոր բոլոր միջոցները թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու գործում: Այդ օրից անցել է ավելի քան 100 տարի, սակայն մարդկության թերևս ամենացավոտ հարցերից մեկը՝ թմրամիջոցների չարաշահումն ու ապօրինի շրջանառությունը մնում է խնդրահարույց: Մարդկությունը դեռևս հեռու է այդ խնդրի լուծումից: Մինչ օրս, անդեմ ու ահասարսուռ այդ թշնամու՝ թմրամոլության դեմ պայքարում հաջողել են միայն նրանք, ովքեր կարողացել են զինվելով անկոտրում կամքի, առողջ բանականության ու հավաստի տեղեկատվության վրա՝ «ոչ» ասել թմրամիջոցներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը