Հաշմանդամություն ունեցող դիմորդների խնդրի նկատմամբ Աշոտյանը հետևողական է եղել
Հասարակություն
Այսօր Հայաստանում խտրականություն է դրսևորվում հաշմանդամություն ունեցող այն դիմորդների նկատմամբ, ովքեր ուզում են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի պետական բուհերում և սովորել պետպատվերի շրջանակում:
«Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամ անձիք անվճար ուսուցման համակարգ ընդունվելու համար պետք է բժշկաuոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության կողմից եզրակացություն ներկայացնեն այն մասին, որ տվյալ մասնագիտությունը հակացուցված չէ անձին: Այսինքն, հաշմանդամություն ունեցող դիմորդը նախ պետք է թույլտվություն ստանա իր ուզած մասնագիտությամբ սովորելու համար, այլապես նրա դիմում-հայտը չի ընդունվի»,- այս հարցին անդրադարձել է «Ես Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հղած իր դիմումում։
Նշենք նաև, որ այս պահանջը հակասում է Կրթության բնագավառում խտրականության դեմ, ինչպես նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին։
Անի Քոչարն իր դիմումում ներկայացնում է հետևյալ պահանջը. «Պահանջում եմ վերանայել 105.1 կետը և այն համապատասխանեցնել մարդու իրավունքներին վերաբերող բոլոր այն միջազգային և տեղական իրավական ակտերին, որոնք ընդունել է Հայաստանի Հանրապետությունը»։
Ի պատասխան Անի Քոչարի նշած բացթողմանը, Արմեն Աշոտյանը խնդիրը քննարկման վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել։ Հանդիպման վերջում Աշոտյանը խոստացել էր լինել հետևողական և լրացնել բացը։
Ինչպես Lurer.com-ին հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության աշխատակից Նորայր Հակոբյանը, այդ դրույթն արդեն հանված է։ Այսուհետ, առանց որևէ բարդության հաշմանդամները կարող են սովորել իրենց ազատ ընտրությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը