Խոսում են Վահե Ավետյանի ուսուցիչները
Հասարակություն
Երևանի թիվ 44 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ադիլխանյանը հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված սպա Վահե Ավետյանի դասղեկն է եղել: Թեև շուրջ երկու տասնամյակ է անցել, ինչ Վահեն ավարտել է դպրոցը, տիկին Ադիլխանյանը հիշում է, որ նա կարգապահ աշակերտ էր, գերազանց էր սովորում ու արկածների մեջ չէր ընկնում:
«Լավ դասարան էր և կորիզը մի քանի տղա էին, որոնցից մեկն էլ Վահեն էր: Ուրիշ դասարաններում աղջիկներն են լավ սովորում, այս դասարանում հակառակն էր: Նրանք լրացնում էին մեկը մյուսին իրենց բնավորությամբ, իրենց ազնվությամբ, իրենց կարգապահությամբ»,- ասում է տիկին Ադիլխանյանը ու չի կարողանում թաքցնել հուզմունքը: Ասում է՝ նա այն երեխան չէր, որի հետ պետք է այդ դեպքը կատարվեր:
Նա չի կարողանում հասկանալ, թե այդ բարբարոսությունը որտեղից է գալիս: Տիկին Ադիլխանյանը հավանական չի համարում «Հարսնաքար»-ի տնօրենի այն պնդումները, թե Վահեն ու նրա ընկերները հարբած են եղել, իրենք են վեճ հրահրել:
«Ես Վահեից վատ բան չեմ սպասել ու չեմ էլ սպասում: Ես հավատում եմ, որ նա ապաքինվելու է»,- ասում է տիկին Ադիլխանյանը:
Մարգարիտա Հովհաննիսյանն էլ Վահեին ավարտական դասարանում պատմություն է դասավանդել: Թեև կարճ ժամանակ է աշխատել այդ դասարանի հետ, սակայն տիկին Հովհաննիսյանի մոտ նույնպես տպավորվել է Վահեի կարգապահությունը:
«Ես կարծում եմ, որ դեռ ոչինչ չենք կորցրել և ակնկալում եմ, որ արժանիորեն իրենց պատիժը կստանա բոլոր անձինք, ովքեր ներգրավված են եղել այս տխուր միջադեպի մեջ»,- նշում է պատմության ուսուցչուհին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը