«Թռչկանը» բարձրաձայնում է Լաստիվերի էկոհամակարգի և լանդշաֆտի համար փոքր ՀԷԿ-ի կառուցման վտանգի մասին
Հասարակություն
Վերջերս ՀՀ տարբեր վայրերում փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունների մասին տեղեկությունների տարածումից ելնելով՝ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրի առնչությամբ նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին, որում մասնավորապես նշված է.
«Հայաստանի պետական լիազոր մարմինների պաշտոնական կայքէջերից տեղեկացվել ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ՝ «Խաչաղբյուր-1» անվամբ՝ 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա: Սակայն պատրաստվում է կառուցվել նաև 2-րդը՝ «Խաչաղբյուր-2» անվամբ՝ 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են «Քարևարդ» ՍՊ ընկերությանը: Բացի այդ, տեղեկացված ենք նաև, որ դեռևս 2011թ. հուլիսի 7-ին նույն գետի եւ նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլտվություն՝ հետագայում ևս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է «ԱԹՎԱ» ՍՊ ընկերությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով, մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը: Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների: Մենք պնդում ենք, որ մինչև ցանակացած թույլտվություն տալը ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է սկզբնական փուլում լուրջ ուսումնասիրություն և գնահատում իրականացնի՝ հաշվի առնելով բոլոր տեսակի վտանգները, ներգրավելով նաև հանրությանն ու ոլորտի մասնագետներին, որպեսզի հետագայում չունենանք բնությանը և շրջակա միջավայրին հասցված անդառնալի կորուստներ, որոնց վերականգնելը շատ բարդ է և ժամանակատար: Ելնելով վերոշարադրյալից՝ խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջների համաձայն մեզ տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները: Մեր կողմից մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարությանը վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը