Մեկնարկում է «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը
Հասարակություն
Հունիսի 25-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Փրկենք Երեխաներին», Հայկական Կարմիր Խաչ և «Օքսֆամ» կազմակերպությունները համատեղ հայտարարեցին Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի 2-րդ փուլի մեկնարկի մասին: Այն իրականացվելու է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում:
Այդ առիթով կազմակերպվել էր քննարկում, որին ներկա էին վերոնշյալ կազմակերպությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն իր ելույթում նշեց, որ արդեն արվել են որոշակի աշխատանքներ, և ՀՀ կառավարությունն այս հարցին հատկապես մեծ ուշադրություն է դարձնում:
-Փա՛ռք ու պատիվ բոլոր միջազգային կառույցներին՝ այս ծրագիրը խորացնելու և իրականացնելու համար: Կառավարության որոշման մեջ ասված է, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել որևէ կառույցի մենաշնորհը, դա պահանջում է գլոբալ մոտեցում: Տարածաշրջանում բոլոր երկրները հիմնականում ունեն այս խնդիրը: Հայաստանն անմասն չէ,- ասաց Հ. Մխիթարյանը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է անել ամեն ինչ, որպեսզի դպրոցները աղետակայուն լինեն.
-Երեխաներին ծրագրում ներգրավելու կարևորությունը շատ մեծ է: Դպրոցները առանցքային նշանակություն ունեն, և աղետից պաշտպանվելու թեմաների ընդգրկումը դպրոցներում կնախապատրաստի երեխաներին և կնվազեցնի ռիսկերը: Անվտանգության մշակույթը պետք է դառնա երեխաների կյանքի անբաժան մասը` սկսած մանկապարտեզից:
Ծրագրի գործողություններն իրականացվելու են երեք հիմնական ուղղություններով.
• տեղական համայնքների ամրապնդում՝ աղետների ռիսկի նվազեցման տեսակետից բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման միջոցով.
• աղետներին հակված շրջաններում երեխաների ու դպրոցների կարողությունների զարգացում ավելի լավ նախապատրաստվելու համար.
• արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ բարձր պատրաստվածության ու դրանց արձագանքելու նպատակով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցություն` տեղական և միջազգային կառույցների հետ:
Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման ծրագրի կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը