Շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասին
Հասարակություն
Այսօր ժամը 21:00–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան) կազմակերպվել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։ Լուրեր.com-ը զրուցեց շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, ճշտելու համար՝ նրանք մասնակցելո՞ւ են այսօրվա մոմավառությանը, թե՞ ոչ:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշեց, որ շատ է ցավում միջադեպի համար, բայց համերգների է մեկնում, և դժվար թե կարողանա մասնակցել մոմավառությանը:
Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ (Մրո) նշեց, որ ինքը «միջոցառում ունի», բայց հոգով-սրտով բոլորի հետ է լինելու:
«Հարսանիք կա, իմ բարեկամների հարսանիքն է, թե չէ ես մեծ սիրով իրենց հետ կլինեի»,- ասաց Գրիգորյանը:
«Էմփիրեյ» խմբի անդամ Գիսանե Պալյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքում չլինելու պատճառով չի մասնակցելու մոմավառությանը, իսկ «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը՝ թե կցանկանար մասնակցել, բայց ֆիզիկապես չի կարող: Մանուկյանը ավելացրեց նաև, որ Վահե Ավետյանի թաղմանը կմասնակցի:
«Պարի և հուգու թատրոնի» ղեկավար Սոֆի Դևոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդացել է և ցավոք մասնակցել չի կարող։ Նա նաև տեղեկացրեց, որ երգչուհի Զարուհի Բաբայանը քաղաքում չէ:
Երգչուհի Նադեժդա Սարգսյանը ևս առողջական խնդիրներ ունի. «Հաճույքով, բայց չեմ կարող, իսկ Էմմին Թբիլիսիում է, վաղը երեկոյան նոր կվերադառնա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
Մոմավառությունը նախատեսված է այսօր ժամը 21:00–ին՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան)։
Վերստին հիշեցնենք, որ երեկ ժամը 19.00-ի սահմաններում մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը