Քեզ «Նեմեց» անվանելը կոմպլիմենտ է, դու թուրք ես. Դավիթ Սանասարյան
Հասարակություն
Lurer.com-ը տեղեկացրել էր, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությամբ 1000 և ավելի ՀՀ քաղաքացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ՝ Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իրենց բողոքն արտահայտելու համար:
Նախագահականի մայթ անցնելիս ոստիկանները դիմադրություն են ցույց տվել և խոչընդոտել անցումը՝ պահանջելով քայլել հենց դիմացի մայթով: Նրանք նաև շրջապատել են ՀՀ նախագահի նստավայրը: Սակայն ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան փողոցը, և փողոցով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով, որ Ռուբեն Հայրապետյանը իրավունք չունի պատգամավոր կոչվել:
«Վահեի սպանությունը չէր լինի, եթե ՀՀԿ-ն մարտի 20-ին չորոշեր «Նեմեցին» թիվ 1 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրել, իսկ այժմ մենք գտնվում ենք ԱԺ-ի դիմաց, մի շինության, որը կապված է բազմաթիվ տխուր հիշողությունների հետ, իսկ այս տխրահռչակ «օբյեկտում» նստում են «նեմեցներն ու լֆիկները»: Մենք պահանջ ենք ներկայացնելու` «Նեմեցին» այս շենքից վտարելու համար: Քեզ «Նեմեց» անվանելը կոմպլիմենտ է, դու թուրք ես»,- իր վրդովմունքն էր հայտնում նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը՝ կոչ ուղղելով բոլոր ներկաներին:
Ցուցարարները երթը ուղղեցին դեպի Դատախազության շենք: Երթի մասնակիցներից Արեգ Գևորգյանի կարծիքով՝ հունիսի 17-ին տեղի ունեցածը անցնում է բոլոր ընդունված նորմերը, նշանակում է բոլորը միասնաբար պետք է պայքարեն ու պահանջեն պատժել մեղավորներին: Իսկ Սարգիս Գևորգյանն էլ մասնակցում էր երթին՝ ազդարարելու նմաններին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, իսկ այսպիսի արարքների հովանավոր ՀՀ իշխանություններն էլ լրջագույնս պետք է մտորեն իրեն վտանգված գոյության մասին:
Դատախազության առջև ցուցարարները ներկայացրեցին այդ կառույցի՝ մինչև օրս տեղի ունեցած մանրից մինչև խոշոր հանցագործությունները կոծկելու աճպարարությունները՝ թե ինչպես ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր կառույցը այսօր գործում է այդ նույն քաղաքացիների դեմ:
«Մի դարձրեք մեզ հանցագործ, մենք ՀՀ քաղաքացիներ ենք և ուզում ենք ապրել օրինական երկրում, այլապես մենք գիտենք ինքնադատաստանի ուղին: Գոնե հիմա, այսքան կեղտի մեջ թաղվելուց հետո գիտակցեք, որ հաջորդը Նեմեցը կարող է սպանել հենց ձեզ»,- արդարության պահանջ էին հնչեցնում երթի կազմակերպիչները:
Դատախազության մոտ արդարության ու դժգոհության վանկարկումներից հետո երթը լռելայն ու բռունցքները վեր պարզած անցավ Մյասնիկյանի արձանի մոտով՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ին զոհվածներին: Ցուցարարները երթը ավարտեցին Կառավարության շենքի մոտ, ուր ոստիկանների բազմությունը սպասում էր իրենց՝ Կառավարության շենքի շուրջ շղթա կազմած:
Բողոքի մասնակիցները պահանջում էին Ռուբեն Հայրապետյանին ոչ միայն վտարել ԱԺ-ից, այլ նաև Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահությունից, քանի որ նման բարոյալքված անձը չի կարող լինել Հայաստանի ֆուտբոլիստների ոգևորողն ու աջակցողը: Իսկ, ահա, Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի նման հանցագործի հետ մեկնել է Ուկրաինա՝ ֆուտբոլային խաղը դիտելու:
Վերջում կազմակերպիչները կոչ արեցին ժամը 18:00-ին հավաքվել Զեյթունի շուկայի մոտ, որտեղից մասնակիցները երթով կգնան մասնակցելու Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, որը կկայանա Զեյթուն համայնքի Դրոյի փողոցի 80 տանը, հացի գործարանից 150 մետր վերև և դեպի աջ՝ ևս 150 մետր:
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը