Ձեր բարոյականությունը պահեք ձեզ. Մանվել Բադեյան
Հասարակություն
Ռուբեն Հայրապետյանը մասնակիցը չի ծեծկռտուքի: Տանը պառկած՝ իր հիմնարկում ինչ-որ բան է տեղի ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Իր մեղքի բաժինը ունի, բայց էս վայնասունը որ բարձրացված է, թե՝ եկեք գնդակահարենք Հայրապետյանին, փակենք «Հարսաքարը», անհիմն է...»,- ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ անվտանգություն ապահովող անձինք վտանգավոր են դարձել հասարակության համար: Ըստ նրա, յուրաքանչյուրը, ով օգտվում է անվտանգության ծառայությունից, ամենից առաջ խաղի կանոնները պետք է հստակեցնի ու պահանջներ դնի:
«Չեմ կարծում, որ Հայրապետյանը պահանջներ չի դրել այդ մարդկանց առաջ: Ուղղակի չի կատարվել իր պահանջը: Կարծում եք՝ պահանջել է ախռանիկներից ծեծե՞լ, սպանե՞լ: Ռուբեն Հայրապետյանը օրենսդիր մարմնում աշխատող մարդ է, և չի կարող հանդիսանալ օրենսդիր իր աշխատակիցների համար»:
Բադեյանի գնահատմամբ՝ հանրության արձագանքն առողջ է, բայց եթե դա տարբեր տեսակի սպեկուլյացիաներով համեմված չլինի: Անդրադառնալով այն փաստին, որ «Հարսնաքարում» խնջույքները շարունակվում են՝ հանրապետական պատգամավորն ասաց.
«Հայրապետյանը հարսանիք չի անում, սրահները 7-8 ամիս առաջ են պատվիրում: Իրենք ի՞նչ մեղք ունեն: Էս ի՞նչ անհանդուրժող եք, ագրեսիվ: Էս հասարակութունում ուզում եք մարդը մարդուն չսպանի՞: Իհարկե կսպանի»,- մեղադրելով հավաքված լրագրողներին անհանդուրժողականության մեջ՝ հայտարարեց Բադեյանը:
Հարցին, թե բարոյական առումով ճիշտ չէ՞ր լինի, եթե ռեստորանը փակվեր, Բադեյանն այսպես արձագանքեց.
«Ձեր բարոյականությունը պահեք ձեզ: Եթե աերոպորտում կամ գործարանում լիներ, պիտի փակեի՞ն: Իրական բաները թողած, ընկել եք ախմախ բաների հետևից»:
Քաղաքական գործիչ Արման Մելիքյանն էլ ասաց, որ արժեհամակարգը ներազդվում է իշխանական վերնախավից, և հասարակության մեջ ի հայտ եկող տգեղ երևույթները վերնախավի հայելային արտացոլումներն են:
«Դա տարիների ընթացքում իշխանությունների գործունեության արդյունքն է: Կառավարման համակարգի որակն է, որ բերում է այս իրավիճակին հասարակության մեջ»,- նշել է Մելիքյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը