Քննարկվեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության` Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի պատրաստման համար պատասխանատու պաշտոնյաների պատվիրակությանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր, անդրադարձան ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած այս տարվա զեկույցին, ըստ որի Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել վերջին տարիներին երեւույթի դեմ պայքարում ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը:
Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի իրականացման հարցերին: «Վերջին չորս տարիների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի երեւույթի դեմ պայքարը լինի համակարգված, համակողմանի եւ վճռական»,-նշեց փոխվարչապետը` ներկայացնելով նաեւ կատարված աշխատանքները: Նա մասնավորպես տեղեկացրեց, որ կատարելագործվել է օրենսդրական դաշտը, ձեւավորվել է միջազգային համագործակցություն, աշխատանքներ են կատարվել նաեւ երեխաների թրաֆիքինգի երեւույթների կանխման ուղղությամբ. մասնավորապես իրականացվել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դեպքերը: Վերջին աշխատանքներում Ա. Գեւորգյանն ընդգծեց ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը:
Հյուրերն իրենց հերթին նշեցին, որ Հայաստանի կառավարությունն այս ոլորտում տարեց տարի բարելավում է աշխատանքները: Նրանց գնահատմամբ` Հայաստանը շատ լավ ուղու վրա է, ինչը կնպաստի առաջին խմբի երկրների թվում ընդգրկվելուն:
Կողմերն անդրադարձան նաեւ երեւույթի դեմ պայքարում գործակցության հարցերին: Փոխվարչապետը նշեց, որ խորհուրդը եւ աշխատանքային խումբը պատրաստակամ են քննարկել օրենսդրության, պայքարի մեխանիզմների կատարելագործմանն ուղղված, ինչպես նաեւ համատեղ ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ առաջարկություններ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը