Տեղի ունեցավ Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայքի շնորհանդեսը
Հասարակություն
Երեկ հանդիսավոր միջոցառմամբ տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից մեկին՝ Լեոնիդ Ազգալդյանին նվիրված azgaldyan.am և leonid.am կայքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Լեոնիդի մարտական ընկերները, հայտնի մարդիկ, ինչպես նաև մեծ թվով երիտասարդներ, ինչը հատկապես ուրախալի է, քանի որ խոսում է այն մասին, որ իշխանությունների կողմից ըստ արժանվույն չգնահատված հերոսին ճանաչում ու սիրում է նաև նոր սերունդը։
Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին Լեոնիդի մասին ֆիլմեր, խոսեցին նրա մարտական ընկերները, երգեցին Ռուբեն Հախվերդյանն ու Կարեն Մամիկոնյանը, իսկ երեկոյի գագաթնակետը Լեոնիդի զինվոր Գագիկ Գինոսյանի գլխավորած «Կարին» ազգագրական համույթի ելույթներն էին՝ խրոխտ ռազմապարեր ու ազնվական «Իշխանաց պար»՝ արժանի և բնորոշ Լեոսնիդ Ազգալդյանին։
Հունիսի 21-ին լրացավ Լեոնիդի մահվան 20-րդ տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին հրամանատարը կդառնար 70 տարեկան։ Այդ առթիվ ստեղծված կազմակերպչական խումբը պատրաստվում է մինչև այդ օրը իրականություն դարձնել նաև Լեոնիդի մասին պատմող գիրքն ու ֆիլմը, և քանի որ այդ աշխատանքների ավարտին մնացել է ընդամենը 4 ամիս, խումբը կոչ է անում բոլոր սրտացավ անձանց օգնել իրենց։
Հատկապես կարևոր են մինչ այժմ չհրապարակված հոդվածները, հիշողությունները, տեսանյութերը Լեոնիդի մասին կամ մասնակցությամբ, և եթե այդպիսիք կան, կազմակերպչական խումբը խնդրում է իրենց տրամադրել այդ նյութերը։ Նրանք ուրախ կլինեն նաև ցանկացած հարցով աջակցության դեպքում, այնպես որ կոչ ենք անում բոլորին, ովքեր կցանկանան որևէ կերպ աջակցել «Ազատագրական բանակի» հիմնադրի և հրամանատարի, նվիրյալ զինվորի մասին գրքի և ֆիլմի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև կունենան առաջարկություններ և դիտողություններ՝ կապված կայքի հետ, անպայման գործի վերածել իրենց ցանկությունը՝ կապ հաստատելով կազմակերպիչների հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը